Արամ Աթեշյանի՝ նույնիսկ մեկ օր աթոռին մնալը համայնքի «անձնասպանությունը» կարող է լինել․պատրիարքարանից հեռացած Սահակ սրբազան

23:11 • 15.02.17

Քաղաքում եմ, դեռ պաշտոնապես հրաժարականս չեմ ներկայացրել, իրականության մեջ իմ հրաժարականը աղաղակ է կրոնական համայնքին, մեր ժողովրդին ուղղված․ Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Պոսլո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին իր հրաժարականի նամակով քննադատող Պոլսո պատրիարքարանի եպիսկոպոս Սահակ Մաշալյանը:

«Արձագանքների սպասում եմ: Եվ եթե դրական արձագանքներ լինեն ( երբեմն ժողովուրդը արդարության կողմնակիցն է- Ս․ Մ․), ես հետ կգնամ: Իմ բոլոր հրաժարականներն առայժմ առկախված են: Սպասման մեջ են»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց Պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հրաժարական է տվել և հրաժարական է տվել ոչ միայն Կրոնական ժողովի ատենապետի, այլև՝ պատրիարքարանին կից գործող «Հովակիմ 1461» հիմնարկի փոխատենապետի պաշտոնից, ինչպես նաև իր թեկնածությունն է հանել Պոլսո պատրիարքական հնարավոր ընտրությունից:

Սահակ եպիսկոպոս Մաշալյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ վաղը համայնքային ժողով է լինելու և կատարվողի վերաբերյալ համայնքի որոշողները պետք է պատասխան տան: «Ես էլ այդ պատասխանի դիմաց իմ որոշումը պետք է տամ: Բայց թե ինչպես կընթանան գործերը, դեռ պարզ չէ»:

Սրբազանը նշեց, որ պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը պետք է հրաժարվի համայնքը առաջնորդելու պաշտոնից: «Նա ինը տարում ապացուցեց, որ իր մոտ պատրիարքական ընտրություններ չպետք է լինեն: Հայ եկեղեցու 1717 տարվա պատմության ընթացքում չկա մի պատրիարքական կամ կաթողիկոսական աթոռ, որ այսքան ժամանակ թափուր մնա»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ինը տարի լռելուց հետո է որոշել խոսել, նա պատասխանեց․ «Ես երբեք չեմ լռել: Ես խիստ ձայնով միշտ խոսել եմ, գրություններ եմ ուղարկել, որ պատրիարքարանի ընտրությունների գործընթաց սկսվի: Եթե լռեի, այս գործընթացն էլ չէր սկսվի: Ես միշտ հարցը բարձրացրել եմ, բայց խաղաղ եղանակով, ես խաղաղասեր մարդ եմ, ես կրոնավոր եմ, քրիտոնյային վայել կերպով սպասում էի, բայց արդեն վերջին կետն էր, հասկացա, որ Արամ սրբազանը ընտրություն անցկացնել չի ուզում»:

Սահակ սրբազանը նաև տեղեկացրեց, որ ընդհանրապես հարկ չկա Թուրքիայի իշխանություններից թույլտվություն խնդրել պատրիարքի ընտրություններ անցկացնելու համար, բավարար է միայն տեղեկացնել ընտրությունների նշանակված ամսաթվի մասին:

Համայնքի հրավիրած ժողովի մասին եպիսկոպոսը տարակուսանքով  խոսեց․ «Դժբախտաբար այդ ժողովում ժողովրդի ձայնը չի լինի: Համայնքում կան մարդիկ, որոնք Արամ Աթեշյանի հետ համամիտ են, նրա կամքն ունեն: Քանի որ Արամ Աթեշյանը, համայնքի առաջնորդները դավաճանել են եկեղեցուն՝ չանցկացնելով պատրիարքի ընտրությունները, ժողովուրդը պետք է պայքարի»:

Սրբազանի խոսքով՝ պոլսահայ համայնքը օրինավոր ճանապարհի վրա կանգնած չէ, կազմակերպված չէ, սեփական կանոնադրությունը չունի, պետության կողմից ճանաչվածություն չունի: Նա նշեց, որ ժամանակին պատրիարքարանն էր համարվում Թուրքիայի հայկական բոլոր եկեղեցիների գլուխը, բոլոր եկեղեցիները հակակշռողն ու կանոնակարգողը, նրանց համար միջավայր ստեղծողը, գույքը տնօրինողը, սակայն հիմա հայ համայնքն անգամ աշխարհական որևէ ժողով չունի:

Դիտարկմանը, թե Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենալու գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված ժողով, որի ընթացում քննվելու է նաև Աթեշյանի հարցը, նա անձամբ վեհափառի մոտ բարձրաձայնել է իր մտագոհությունները, Սահակ սրբազանը պատասխանեց․«Մայր աթոռ Սուրբ էջմիածինը իր առջև դրված պարտականությունները կատարում է: Ես անձնապես գիտեմ, որ վեհափառը Արամ սրբազանին մի քանի անգամ ասել է, որ պատրիարքի ընտրությունները պետք է արագացնի, իրավունք չունի այս աթոռն այդքան թափուր թողնելու: Ինքը անընդհատ ասել է, որ ցանկանում է անցկացնել, սակայն  պետությունը չի թույլատրել: Ես վստահ եմ, որ արդեն Մայր աթոռը Արամ Աթեշյանից կհարցնի և հույս ունեմ, որ նա արդար հաշիվ է տալու»:

Սահակ եպիսկոպոս Մաշալյանը նաև նշեց, որ ինքն անձամբ հեռախոսով է խոսել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ  Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ․ «Ինքն ինձ ասաց, որ Արամ Սրբազանի հետ էլ պետք է խոսեմ, մի քանի օր պետք է սպասեմ: Այսինքն՝ նախ և առաջ մենք պետք է մեր ներքին կապերն օգտագործենք»:

Սահակ եպիսկոպոս Մաշալյանը նշեց, որ ինքը պատրիարքի ընտրություններին կմասնակցի, եթե նրան ծանուցվի, որ ինքը, որպես թեկնածու կարող է առաջադրվել: Ասաց կարգն է այդպես․մինչև եպիսկոպոսներին չառաջարկեն մասնակցել ընտրություններին, նա չի կարող իր թեկնածությունն առաջադրել: «Ես գիտեմ, որ Արամ Աթեշյանը ամեն ինչ կանի, որ ես չմասնակցեմ այդ ընտրություններին»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Արամ Աթեշյանի՝ նույնիսկ մեկ օր պատրիարքի փոխանորդի աթոռին մնալը համայնքի «անձնասպանությունը» կարող է լինել: «Ես չեմ կարող այդ անձնասպանության մասը կազմել, այս փառավոր աթոռի, այս փառավոր համայնքի կործանման մաս չեմ կարող լինել: Եթե պետք է կործանվի, թող առանց ինձ կործանվի, որովհետև ես ամեն ինչ արեցի, ամեն ինչ խոսեցի, մարգարեական խոսք հնչեցրի, կյանքս սպառեցի այդ գործի համար: Բայց եթե այդ համայնքը, կրոնավորները, համայնքային վարիչները, հայ ժողովուրդը ցանկանում է Արամ Աթեշյանին այդ աթոռի վրա պահել, ես այդ գործում չկամ»,- ասաց նա: