Թրամփն արտակարգ դրություն է սահմանել Կալիֆորնիայում (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրություն է սահմանել Կալիֆորնիայում` Օրովիլ լճի վրա տեղակայված ամբարտակի ճեղքվածքի վտանգի պատճառով: Այս մասին հայտնում է ТАСС-ը` հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
«Այսօր նախագահը հայտարարել է Կալիֆորնիա նահանգում արտակարգ դրության մասին և հանձնարարել դաշնային օգնություն ցուցաբերել նահանգին` Օրովիլ լճի ամբարտակի ճեղքվածքի վտանգի հետ կապված արտակարգ պայմանների պատճառով», - ասվում է փաստաթղթում:
Աղբյուրի հաղորդմամբ` Թրամփն Ազգային անվտանգության նախարարությանն ու ԱՄՆ արտակարգ իրավիճակների դաշնային վարչությանը հանձնարարել է համակարգել իրենց գործողությունները` նահանգին օգնություն ցուցաբերելու համար:
Նշվում է, որ փետրվարի 13-ին Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը դիմել է Սպիտակ տանը` արտակարգ իրավիճակում ֆինանսական աջակցության խնդրանքով:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Կալիֆորնիա նահանգում տեղի է ունեցել բնակիչների զանգվածային տարհանում` երկրի խոշորագույն ամբարտակի փլուզման և դրան հետևող ճեղքվածքի վտանգի պատճառով:

















