Հարմարվող մի՛ եղեք. վարչապետը՝ ԵՊՀ ուսանողներին (տեսանյութ)
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Երևանի պետական համալսարանում հանդիպել է ուսանողների հետ, ներկայացրել Կառավարության կատարած աշխատանքը վերջին հինգ ամիսների ընթացքում ու անդրադարձել Կառավարության տեսլականին:
«Ես հատուկ վերաբերմունք ունեմ Երևանի պետական համալսարանի նկատմամբ, բայց մեր հանդիպման պատճառը դա չէ: Կառավարությունը բազմիցս է ասել, որ մեզ համար շատ կարևոր է հետադարձ կապ ունենալ հասարակության հետ և փորձել բարձրացնել քաղաքացիական ակտիվությունը, փորձել հասկանալ ՝ ճի՞շտ ենք գնում թե՞ ոչ:
Այդ առումով այսօրվա մեր հանդիպումը չափազանց կարևոր է, որովհետև նույն Խորհրդային միության տարիներին ԵՊՀ-ի դասախոսներն ու ուսանողները միշտ տարբերվել են ազատամիտ լինելով, լավ իմաստով ըմբոստ լինելով և չհարմարվող լինելով»,-ասաց վարչապետը ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Անդրադառնալով իր կառավարման հինգ ամիսների ընթացքում Կառավարության կատարած աշխատանքին, Կարեն Կարապետյանն ասաց, որ նախ և առաջ Կառավարությունը յուրաքանչյուր ճյուղի վերաբերյալ ախտորոշում է տվել, թե ինչ խնդիրներ կան և իրենք զարգացման ինչ տեսլական ունեն:
Կարեն Կարապետյանն ասաց, որ քննարկել են նաև կառավարման համակարգի խնդիրներն ու բացթողումները, աշխատում են կառավարման սուբյեկտները մաքսիմալ թվայնացնելու ուղղությամբ, ամփոփել են առաջիկայում իրականացվելիք ծրագրերն ու պատկան մարմինների առաջ պահանջ դրել՝ հաշվետվություն ներկայացնել հանրությանը:
Լրագրության ֆակուլտետի ուսանողներից մեկին հարցին, թե որո՞նք են երիտասարդության խնդիրները և ինչ ախտորոշում է տրվել դրանց, վարչապետը պատասխանեց. «Ես երիտասարդներին ախտորոշում չեմ կարող տալ, որովհետև իրենք շատ լավ ներկայանում են, հետևաբար այդ իրավունքը չունեմ: Ես բազմիցս եմ ասել, որ ակտիվ լինեք, ձեր կարծիքը հայտնեք, հարմարվող մի եղեք, ակտիվ մասնակցեք մեր նախագծերին և դուք էլ նախագծեր ներկայացրեք»,-ասաց վարչապետը և հավելեց, թե ինչպե՞ս կարող է ինքը գնահատական տալ ամենապոտենցիալ շերտին:










