Մալայզիայի օդանավակայանում սպանված Կիմ Չեն Նամը 2012 թվականին Հս. Կորեայի առաջնորդին խնդրել է ներում շնորհել իրեն
Մալայզիայի օդանավակայանում սպանված Կիմ Չեն Նամը 2012 թվականին խնդրել էր իր եղբորը՝ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին, իրեն ներում շնորհել: Այդ մասին հայտարարել են հարավկորեական հետախուզության ներկայացուցիչները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հարավային Կորեայի ազգային հետախուզական վարչության տվյալներով՝ հենց 2012 թվականին Կիմ Չեն Նամի դեմ իրականացվել է առաջին մահափորձը, բայց այն ձախողվել է: Այդ ժամանակ Կիմ Չեն Նամը Կիմ Չեն Ընին նամակ է ուղարկել, որում խնդրել է իր և իր ընտանիքին ներում շնորհել:
«Ես ցանկանում եմ, որ դու վերացնես իմ և իմ ընտանիքի համար պատիժը: Մենք տեղ չունենք գնալու, մենք գիտենք, որ փախչելու միակ հնարավորությունն ինքնասպանություն գործելն է»,- ասված է եղել իր եղբորն ուղղված Կիմ Չեն Նամի նամակի տեքստում:
ԿԺԴՀ առաջնորդի ավագ եղբայրը վաղուց հեռացել էր երկրից և ապրում էր Մակաոյում, որտեղ զբաղվում էր բիզնեսով: Կիմ Չեն Նամի դեմ մահափորձն իրականացվել է երկուշաբթի, Մալայզիայի օդանավակայանում՝ Մակաո թռիչքից առաջ, որտեղ ապրում են նրա ընտանիքի անդամները:
Քննիչները կարծում են, որ նրա դեմ հարձակումն իրականացրել են երկու կին, որոնք այնուհետև փախել են հանցագործության վայրից: Տարբեր վարկածներով՝ Կիմ Չեն Նամին կարող էին վիրավորել թունավորված ասեղներով կամ նրա վրա կարող էին թունավոր հեղուկ լցնել:
Reuters գործակալությունը հայտնել է, որ ԱՄՆ-ն վստահ է, որ Կիմ Չեն Նամը սպանվել է հյուսիսկորեական հատուկ ծառայությունների գործակալների կողմից:










