Մալայզիայում ձերբակալվել է Կիմ Չեն Ընի եղբոր սպանության համար կասկածվող կինը
Մալայզիայի ոստիկանությունը հայտնել է Կուալա Լումպուրի օդանավակայանում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր՝ Կիմ Չոն Նամի սպանության համար կասկածվող կնոջ ձերբակալության մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մալայզիայի թագավորական ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվածը Վիետնամի 18-ամյա քաղաքացի է:
Ավելի վաղ հարավկորեական ԶԼՄ-ները հրապարակել են Կիմ Չոն Նամի սպանության համար կասկածվողներից մեկի լուսանկարը: Պատկերն արվել է Կուալա Լումպուրում տեսահսկման համակարգերից:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ փետրվարի 13-ին Մալայզիայում սպանվել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբայրը՝ Կիմ Չոն Նամը: Հաղորդվել է, որ Կիմ Չոն Նամին օդանավակայանում սպանել են երկու կին՝ «թունավորված ասեղներով»: Ենթադրվում է, որ կանայք աշխատում են հյուսիսկորեական հատուկ ծառայությունների համար:










