ՄԱԿ-ը հայտնել է իրաքյան Մոսուլում խմելու ջրի անբավարարության մասին

11:30 • 15.02.17

ՄԱԿ-ի մարդասիրական գործակալություններն անհանգստացած են իրաքյան Մոսուլում խմելու ջրի խնդրով, այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆերհան Հաքը հայտնել է, որ խմելու ջրի պակաս է զգացվում նույնիսկ Մոսուլի արևելյան հատվածում, որն արդեն ազատագրված է համարվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից:

«Մոսուլի արևելքում խմելու ջրի զգալի պակասը շարունակում է անհանգստության գլխավոր պատճառներից մեկը մնալ», - ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ իրենց գործընկերներն ամեն օր միջինը 2.300 խորանարդ մետր ջուր են ավտոցիստեռններով մատակարարում Մոսուլի 30 շրջան: Մինչդեռ, Հաքի խոսքով, սա միայն ժամանակավոր լուծում է, մինչև ամբողջովին վերականգնվի Մոսուլի ջրամատակարարումը:

Հիշեցնենք, որ ԻՊ գրոհայիններն անցյալ շաբաթ խոշորագույն դիվերսիոն գործողություններ են իրականացրել Արևելյան Մոսուլի` իրենց վերահսկողության տակ չգտնվող շրջանում, ինչի հետևանքով վթարվել է ջրամբարը։

Մոսուլի արևմտյան հատվածում, որն ամբողջովին գտնվում է ԻՊ-ի վերահսկողության տակ, կա շուրջ 750.000 բնակչություն, որոնց մի մասն ամբողջովին զրկված է ջրից, իսկ մի մասն էլ կարողանում է ջուր ստանալ օրվա որոշակի ժամերին միայն:

Հիշեցնենք, որ Իրաքի կառավարական ուժերն անցյալ տարվա հոկտեմբերից ռազմարշավ են իրականացնում երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի ազատագրման ուղղությամբ:

Հունվարի 24-ին իրաքյան հրամանատարությունը հայտարարել էր քաղաքի արևելյան մասը գրոհայիններից ամբողջությամբ ազատագրելու մասին: