ՄԻՊ աշխատակիցներն այցելել են Վարուժան Ավետիսյանին, Ժիրայր Սեֆիլյանին և Մարտիրոս Հակոբյանին

19:06 • 15.02.17

 

2016 թվականի Նոյեմբերի 29-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղաբաշխված կալանավորված անձանց՝ Վարուժան Ավետիսյանի,  Ժիրայր Սեֆիլյանի և Մարտիրոս Հակոբյանի  պահման պայմանների ուսումնասիրության նպատակով,  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման և Արագ արձագանքման վարչությունների մասնագետներն այսօր չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Ինչպես տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից,  կատարված այցելության ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց՝ Վարուժան Ավետիսյանի, Ժիրայր Սեֆիլյանի և Մարտիրոս Հակոբյանի հետ, մանրամասն ուսումնասիրել վերջիններիս խցային պայմանները:

Մարտիրոս Հակոբյանը բարձրացրել է կենցաղի ապահովման հետ կապված հարցեր, որոնք աշխատանքային կարգով քննարկվել են վարչակազմի հետ։ Պահման պայմանների վերաբերյալ այլ հարցեր չեն բարձրացվել:

Ժիրայր Սեֆիլյանի կողմից բարձրացվել է իր պաշտպանի տեսակցելու թույլտվությունը մերժելու մասին հարցը:

Պաշտպանի տեսակցելու թույլտվությունը մերժելու, ինչպես նաև արձանագրված այլ խնդիրների կապակցությամբ Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացակարգ:

Քրեակատարողական հիմնարկներ իրականացվող չհայտարարված այցելությունները կրելու են շարունակական բնույթ: