Հանրային հնչեղություն ստացած գործերով կալանավորվածներին տեսակցելու համար փաստաբանները խուզարկվում են. ներկայացվել է բողոք
Երեկ փաստաբաններ Մոնիկա Մարգարյանը, Մուշեղ Շուշանյանը, Ինեսսա Պետրոսյանն ու Արայիկ Պապիկյանը հայտարարություն էին տարածել, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ քրեակատարողական հիմնարկներում իրենց նկատմամբ կիրառվում կամ գործադրվում են օրենքից դուրս և կամայական սահմանափակումներ, ստեղծվում ոչ իրավաչափ և արհեստական խոչընդոտներ, ինչը հնարավորություն չի տալիս պատշաճ կարգով իրականացնել իրենց մասնագիտական գործունեությունը:
Tert.am-ի հետ զրույցում փաստաբան Արայիկ Պապիկյանն ասաց, որ արգելքը հիմնականում վերաբերում է նրան, որ ՔԿՀ-ում փաստաբաններին փորձում են խուզարկել.«Զննությունը դառնում է խուզարկություն, խուզարկվում են պայուսակները, ավելին` անգամ գրպանները, դրամապանակը, վերջին օրերին փաստաթղթերը, զննելը վերածվում է խուզարկության և փաստաթղթերը, որոնք կարող են գաղտնիք պարունակել գործի վերաբերյալ, զննվում են: Խուզարկվելու համաձայնություն չենք տալիս, իսկ իրենք պարզապես ներս չեն թողնում»:
Փաստաբանի խոսքով՝ դա անօրինական միջամտություն է, նախկինում, որպես կանոն, նման գործողություններ չեն արվել, բայց վերջի շրջանում նման դեպքեր հաճախակիացել են.«Հատկապես վերջին շրջանում դա ցայտուն դրսևորվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Երեկ գործընկերոջիցս տեղեկացա, որ թույլ չեն տվել իր պաշտպանյալին տեսակցել նաև Արմավիր ՔԿՀ-ում»:
Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ իրենց կողմից բողոք-գանգատ է ներկայացվել պատկան մարմիններին, դեռևս պատասխան չունեն:
Հարցին՝ գուցե դա պայմանավորված է նրանով, թե հատկապես որ կալանավորին են տեսակցում փաստաբանները, Արայիկ Պապիկյանն ասաց, որ դժվարանում է պատասխանել, բայց վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերը հանրության համար հայտնի գործերի շրջանակներում են տեղի ունենում:
Մոնիկա Մարգարյանն էլ ասաց, որ իրեն մոտ չորս անգամ փորձել են խուզարկել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, որտեղ գտնվում է իր պաշտպանյալ, «Սասնա ծռերի» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանը.«Այսօր ևս ինձ ես չեմ կարողացել տեսակցել իմ պաշտպանյալին, քննչական գործողություններ են կատարվել առանց իմ մասնակցության»:
Հարցին, թե ինչով է ՔԿՀ-ն հիմնավորում իր պահանջները, Մոնիկա Մարգարյանն ասաց, որ վկայակոչում են Կառավարության որոշում, որը չի վերաբերում փաստաբաններին.«Դա վերաբերում է կալանավորների հարազատներին և հենց այդպես էլ գրում են, որ մենք կարող ենք ձեզ անձնական խուզարկության ենթարկել, ընդհուպ մինչև կոշիկները»:
Նշենք, որ այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը, որտեղ ասվում է, որ քիչ չեն դեպքերը, երբ պաշտպանի հետ հանդիպումից անմիջապես հետո օրենքով սահմանված կարգով խուզարկության ենթարկված կալանավորված անձի մոտից հայտնաբերվել են բջջային հեռախոս կամ այլ արգելված իրեր այն դեպքում, երբ մինչև տեսակցությունը կալանավորված անձի մոտ արգելված իր հայտնաբերված չի եղել:










