Գերմանիայի ՍԴ-ն գտել էր, որ բանաձևը չի հակասում սահմանադրությանը․Գերմանիայի Հայոց թեմի փոխառաջնորդը թուրք փաստաբանի ներկայացրած դիմումի մասին

22:08 • 16.02.17

 

Գերմանիայի Սահմանադրական դատարանը Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշման դեմ ներկայացված թուրք փաստաբանի հայցը վեց շաբաթ առաջ է մերժել․ այս մասին Tert.am-ին հայտնեց Գերմանիայի Հայոց թեմի փոխառաջնորդ Սերովբե վարդապետ Իսախանյանը՝ զարմանալով, որ այդ մասին տեղեկատվությունը դեռ նոր է տարածվում:

«Գերմանիայում գործող թուրքական կազմակերպություններն էին դիմել Գերմանիայի սահմանադրական դատարան, որպեսզի Սահմանադրական դատարանը քննարկի Բունդեսթագի որոշումն արդյոք համապատասխանո՞ւմ է Գերմանիայի սահմանադրությանը: Սահմանադրական դատարանը քննարկել էր դիմումը և գտել էր, որ բանաձևը որևէ ձևով չի հակասում Գերմանիայի սահմանադրությանը»,- ասաց նա՝ պատմելով, որ թուրքական կազմակերպություններն ավելի վաղ են դիմել դատարան։

Գերմանիայի Հայոց թեմի փոխառաջնորդը հիշեցրեց, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման օրվանից նրանք զգուշացնում էին, որ դիմելու են սահմանադրական դատարան:

Հայր Սերովբեն նշեց նաև, որ այդ գործընթացի հետ հայ համայնքը ոչ մի առնչություն չի ունեցել: «Համայնքի առնչվելու անհրաժեշտություն չկար էլ: Գերմանիան ժողովրդավարական երկիր է: Թուրքական մի շարք կազմակերպություններ դիմել էին, որի իրավունքը իրենք ունեին, և մենք վստահ էինք, որ Սահմանադրական դատարանը որևէ ձևով չի ընդառաջի՝ նկատի առնելով, որ, ի վերջո, Բունդեսթագի որոշումը կամ բանաձևը օրենքի ուժ չուներ, այլ հայտարարություն էր (իհարկե, ցեղասպանության ճանաչման տեսակետից դրա արժեքը շատ բարձր է-Հայր Սերովբե)»,- ասաց նա:

Հայր Սերովբեն նշեց, որ գերմանահայ համայնքը հիմա աշխատանք պետք է տանի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունելու ուղղությամբ: «Առավել շատ դեռ ցանկությունների ոլորտի մեջ ենք, քան քայլերի, բայց բնականորեն այդ ուղղությամբ աշխատանք պիտի տարվի և տարվում է, որպեսզի հասնենք նրան, որ Ցեղասպանության ժխտումը օրինական տեսակետից դատապարտելի լինի և քրեական պատասխանատվության դատապարտվի: Բայց մենք դեռ դրան չենք հասել»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե թուրքական կազմակերպությունները որոշել են դիմել  Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, հայր Սերովբեն պատասխանեց․ «Կարծում եմ՝ նույնը կկրկնվի, ինչ որ եղավ Գերմանիայի սահմանադրական դատարանում: Բանաձն ընդունվել է Բունդեսթագի բոլոր խմբակցությունների կողմից՝ գրեթե միաձայն, նրանք և՛ ընդունումից առաջ, և՛ բանաձևի ընդունումից հետո հարգել են իրենց որոշումը: Չեմ կարծում, որ Եվրոպական դատարանում թուրքական կողմն այդ ուղղությամբ հաջողություն ունենա»: