Ներել եմ ամբաստանյալ Անի Հովհաննիսյանին. Տիգրան Ուրիխանյանը չէր ներկայացել դատական նիստին (տեսանյութ)

17:10 • 16.02.17

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում փետրվարի 1-ից մեկնարկել է «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի գործով դատավարությունը՝ դատավոր Արշակ Վարդանյանի դատավարությամբ:

Այսօրվա դատական նիստի մեկնարկին դատավորը հրապարակեց գործով տուժող ճանաչված Տիգրան Ուրիխանյանի՝ դատարանին ուղղված գրությունը, ով երկրորդ դատական նիստն անընդմեջ չի ներկայանում դատարան:

Դատավորը հակիրճ ներկայացրեց պատգամավորի գրությունը, որտեղ ասվում էր.«Ներել եմ ամբաստանյալին, տուժողի դիրքից հանդես գալու նպատակահարմարություն չունեմ»:

Պատգամավորը նաև մեջբերեց մի շարք դրույթներ, համաձայն որոնց՝ Ուրիխանյանն օգտվում է իրեն վերապահված իրավունքից և նպատակահարմար չի գտնում ներկայանալ դատական նիստին:

Դատավարության կողմերը համաձայնեցին փետրվարի 16-ի դատական նիստն անցկացնել առանց տուժողի ներկայության, սակայն պաշտպանական կողմն ու դատավորը նշեցին, որ ելնելով ամբաստանյալի՝ տուժողին հարցեր տալու իրավունքից, գոնե մեկ դատական նիստի կապահովվի պատգամավորի ներկայությունը դատարան:

Դատարանն անցավ գործում առկա փաստաթղթերի և փորձագիտական եզրակցությունների հետազոտմանը, ցուցադրվեցին նաև գործում առկա տեսանյութերը:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Ինչպես երևում է բջջային հեռախոսն ու համակարգիչը զննելու արձանագրությունից, դրանում հայտնաբերվել է ծառայությունների մատուցման պայմանագիրը, որի բովանդակությունն այն է, որ «Ալյանս» կուսակցությունը որպես պատվիրատու և «Անալիտիկ» ՍՊԸ-ն՝ ի դեմս տնօրեն Անի Հովհաննիսյանի, ծառայությունների մատուցման պայմանագիր պետք է կնքեին: Պայմանագրի առարկան այն է, որ այդ պայմանագրով կատարողը պարտավորվում

էր պատվիրատուին մատուցել պայմանագրով նախատեսված ծառայություններ, ինչի համար պատվիրատուն վճարում է: Կատարողը պարտավորվում է մատուցել հետևյալ ծառայությունները՝ լոգոյի տեղադրում «Անալիտիկ» կայքում, իսկ աշխատանքների կատարման ժամկետը 2016 թվականի մայիսի 1-ից մինչև 2017 թվականի մայիսի 1-ն է:

Պայմանագրում նաև նշված է, որ այդ ծառայության գինը կազմում է 300 հազար դրամ՝ յուրաքանչյուր ամսվա համար: Այսինքն՝ Տիգրան Ուրիխանյանի այն հայտարարությունը, թե իբր Անի Հովհաննիսյանն իրենից տարաբնույթ ձևակերպումներով ամսական 300 հզր. դրամ գումար է պահանջել, որ իր հասցեին նյութեր չհրապարակվեն, ըստ էության, սույն պայմանագրով հերքվում է»:

«Անալիտիկ» լրատվական կայքում հրապարակված նյութերի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ նաև ամբաստանյալ Անի հովհաննիսյանը: Վերջինս նշեց, որ «Անալիտիկ» կայքում Տիգրան Ուրիխանյանի վերաբերյալ բազմաթիվ նյութեր են հրապարակվել, որոնք բոլորը վերաբերում են վերջինիս գործունեության լուսաբանմանը:

«Ինձ համար ի սկզբանե անհասկանալի է Տիգրան Ուրիխանյանի այն նշումը, թե վարկաբեկիչ նյութերի հրապարակումը դադարեցնելու համար է անում: Եթե Տիգրան Ուրիխանյանն իր սեփական հայտարարությունների լուսաբանումը համարում է վարկաբեկիչ, ապա այդ մարդն, ամենայն հավանականությամբ, խնդիրներ ունի հոգեբանության հետ»,- ասաց ամբաստանյալը:

Անի Հովհաննիսյանը նաև նշեց, որ «Անալիտիկ» լրատվական կայքի հասցեին վարկաբեկիչ նյութեր են հրապարակվել «Xnews.am» կայքում, իսկ այդ նյութերն անհրաժեշտության դեպքում կներկայացվեն դատարան:

«Բացի դրանից՝ Տիգրան Ուրիխանյանը նշում է, թե իր ընտանիքի անդամներին զրպարտում ենք և այլն, «Անալիտիկն» ունեցել է ընդամենը մեկ հոդված, որտեղ նշվում է, որ «Xnews» կայքը պատկանում է պատգամավորի կնոջը և դա ներկայացված է փաստերով: Եթե պատգամավորը լրատվական կայք ունենալը համարում է վարկաբեկիչ, ապա հետևությունները թողնում ենք հասարակությանը»,-ասաց Անի Հովհաննիսյանը:

Նիստի ավարտին դատավորն ասաց, որ դա հայտարարություն չէր. «Համապատասխան փուլ կա, ձեզ լիակատար այդ հնարավորությունը ընձեռվելու է ամեն ինչ վիճարկելու համար»:

Նշենք, որ Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել շորթման համար՝ մի մասով՝ «ՎՏԲ» բանկից, մյուս մասով ՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից:

Կատարած հանցավոր արարքների համար Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: