Ավստրիայի ՊՆ-ն պատրաստվում է դատի տալ Airbus-ին` կոռուպցիայի մեջ կասկածների պատճառով
Ավստրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կպահանջի Airbus եվրոպական ավիաշինական կոնցեռնին պատասխանատվության կանչել, քանի որ կարծում է, որ ընկերությունն արհեստականորեն բարձրացրել է գինը Eurofighter 18 կործանիչների համար, որոնք ձեռք են բերել երկրի զինված ուժերը. այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հայտնում են ավստրիական լրատվամիջոցները, հինգշաբթի գերատեսչությունը պատրաստվում է Վիեննայի դատախազություն բողոք ներկայացնել Airbus Defence and Space գերմանական ընկերության և Eurofighter Jagdflugzeug ընկերության դեմ:
Բողոքում ընկերությունը հայտնում է ինքնաթիռների գների որոշման ժամանակ ընկերության «անազնիվ պահվածքի» մասին: Բողոքի բովանդակության մասին ավելի մանրամասն տեղեկատվություն դեռ չի հաղորդվում:
Գերատեսչությունը պատրաստվում է հանդես գալ դատարանում բողոքի հնարավոր քննության ժամանակ որպես կողմերից մեկը և պահանջել վնասի փոխհատուցում: Նախարարությունում նշում են, որ վնասը գնահատվում է միլիոնավոր եվրոներ:
Ավստրիայի պաշտպանության նախարարության դժգոհության պատճառը դարձած գործարքը կնքվել է դեռ 2003 թվականին: Կողմերը պայմանավորվել են Ավստրիային 18 կործանիչի վաճառքի մասին: Սպասվում էր, որ Ավստրիան դրանց դիմաց կվճարի 2 միլիարդ եվրո, սակայն հետագայում պայմանագրի պայմանները վերանայվել են, և Ավստրիան կրճատել է պատվերը մինչև 15 կործանիչ, որոնց ընդհանուր արժեքը նվազել է մինչև 1,7 միլիարդ եվրո: 2012 թվականին երկրի իշխանությունների մոտ կասկածներ են հայտնվել, որ գործարքում կարող էր առկա լինել կոռուպցիոն բաղադրիչ:










