Քաղաքացիները սկսեցին հարվածել մեր շղթային, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել. Արարատ Խանդոյանի գործով տուժող ոստիկանի ցուցմունքը (տեսանյութ)

13:40 • 16.02.17

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի գործով դատավարությունը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Դատական նիստի մեկնարկին Արարատ Խանդոյանը հանդես եկավ հայտարարությամբ, որը վերաբերում էր իր նկատմամբ դատարանի կողմից սանկցիա կիրառելուն:

«Իմ նկատմամբ դատական սանկցիա եք կիրառում, բայց դուք հաշվի չեք առնում, որ վկաները կեղծ ցուցմունք են տալիս, իսկ ես խոսում եմ դրա մասին, իմ նկատմամբ սանկցիա  է կիրառվում»,-ասաց Խանդոյանը:

Դատավորն ընդհատեց Արարատ Խանդոյանին և ասաց, որ դատավարության փուլում սուտ ցուցմունքների դեմ միջնորդություն ներկայացնելու հնարավորություն կա, իսկ ամբաստանյալը ցուցմունք տվողին ընդհատելու իրավունք չունի:

Դատական նիստին ներկայացել էին վեց տուժողներ, որոնցից առաջինը հարցաքննվեց ոստիկանության զորքերի ծառայող Արմեն Գևորգյանը, ով ասաց, որ Արարատ Խանդոյանին չի ճանաչում:

Տուժողը պատմեց, որ հուլիսի 20-ին ծառայություն է իրականացրել Երևանի Խորենացի փողոցում, որտեղ քաղաքացիները տարբեր իրեր, քարեր են նետել ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ:

«Քաղաքացիները, սկսել են հարվածել մեր կազմած շղթային, սեռական բնույթի հայհոյանքներ  են հնչեցրել ոստիկանության ծառայողների նկատմամբ, քարերով ու այլ առարկաներով հարվածել են: Որոշ ժամանակ անց ես վնասվածք եմ ստացել, իսկ  մենք զուտ պաշտպանվելու համար ենք  առաջ գնացել, վնասվածք ստանալուց հետո ես հանվել եմ շղթայից»,- ասաց տուժողը:

Մեղադրող դատախազի հարցին, թե ի՞նչ վնասվածք է ստացել, Արմեն Գևորգյանը պատասխանեց, որ ոտքին քարով հարված է ստացել, ինչի հետևանքով ոտքը կապտել է, ուռուցք է առաջացել:

Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի հարցին, թե ինչի՞ց սկսվեցին բախումները, տուժող ոստիկանը պատասխանեց, որ հստակ չի կարող ասել, թե ինչից են սկսվել բախումները:

Հարցին, թե ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառվե՞լ են քաղաքացիների նկատմամբ, Արմեն Գևորգյանը պատասխանեց, որ հատուկ միջոցները կիրառվել են բախումներից հետո:

Ամբաստանյալ Արարատ Խանդոյանի հարցին, թե քաղաքացիների կողմից, երբ քարը դիպել է տուժողին, ոստիկանը հետադարձ հարված հասցրե՞լ է, Արմեն Գևորգյանը պատասխանեց. «Մենք միայն պաշտպանվել ենք վահաններով»:

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը բերման էր ենթարկվել հուլիսի 20-ին Խորենացի փողոցից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-10 տարի ժամկետով: