Մեքսիկայի և ԱՄՆ-ի ցանկապատի վրա թմրանյութեր փոխանցող քարաձիգ է հայտնաբերվել

17:48 • 16.02.17

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի մաքսային-սահմանապահ ծառայության աշխատակիցները սարք են հայտնաբերել, որն օգտագործվել է ամերիկա-մեքսիկական սահմանով թմրանյութեր փոխանցելու համար: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ինքնաշեն քարաձիգը հայտնաբերվել է անցած շաբաթ` «Դուգլաս» անցակետի մոտակայքում: Ամենայն հավանականությամբ, սարքը պատրաստված է եղել եռակցմամբ միացված քառակուսաձև խողովակներից և ծանր զսպանակներից: Քարաձիգի որոշ մասեր փաթաթված են եղել պարանով:

Կայքի հաղորդմամբ`ծառայության աշխատակիցները մի քանի մարդ են նկատել ցանկապատի մոտ, սակայն անհայտներին հաջողվել է փախուստի դիմել: Տեղանքի զննման արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 21 կիլոգրամ մարիխուանա:

Նշվում է, որ ամերիկացի սահմանապահները հանել և քանդել են քարաձիգը: