Սիրիական Էլ Բաբում թուրքական ԶՈւ-ն չի հասել ցանկալի արդյունքի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ Բաբ շրջանում, որտեղ թուրքական ԶՈւ-ն ներկայում հատուկ հակաահաբեկչական գործողություն է իարականացնում, Թուրքիան չի կարողացել հասնել ցանկալի արդյունքի. այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը:
Ըշըքը նաև շեշտել է, որ Թուրքիան խիստ անհանգստացած է սիրիական Ռաքքայի ազատագրման հարցում «սխալ դերակատարների» ընտրման խնդրով:
«Ահաբեկչական խմբավորման դեմ չի կարելի պայքարել մեկ այլ ահաբեկչական խմբի միջոցով», - ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ նկատի ունենալով Սիրիայի տարածքում կռվող քրդական ազգային խմբավորումներին:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերը 2016թ. օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։










