Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել պետական կազմակերպությունների զբաղեցրած շենքերի օգտագործման արդյունավետությունը
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ հերթական հանձնարարականներով: Հանձնարարականներից մեկը վերաբերում էր շենքային տարածքների արդյունավետ օգտագործմանը:
«Պետական կազմակերպությունների կողմից փաստացի զբաղեցված շենքային տարածքները ոչ բոլոր դեպքերում են, որ համապատասխանում են նորմատիվներին, հաստատված պահանջներին, որոշ դեպքերում թերբեռնված են, կամ առհասարակ արդյունավետ չեն օգտագործվում»,-ասաց նա:
Վարչապետն այդ նպատակով հանձնարարեց գործադիր բոլոր մարմինների ղեկավարներին համատեղ աշխատելով կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել զբաղեցված շենքային տարածքների օգտագործման արդյունավետությունը և ներկայացնել միասնական հստակ առաջարկություններ այդ տարածքների օպտիմալացման և ավելի նպատակային օգտագործման ապահովման վերաբերյալ:










