Հայ հոգևորականներն այցելել են Իրաքում ԻՊ-ից ազատագրված քրիստոնեաբնակ շրջաններ
Մի շարք հոգևորականներ Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանի գլխավորությամբ այցելել են Իրաքի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրված քրիստոնեաբնակ տարածքներ, գրում է «Ակօսը»:
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Ֆիսք Թվեյթն այս այցը գնահատել է, որպես շրջանի քրիստոնյաների խնդիրները լսելու համար կարևոր առիթ:
Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Ավագ արքեպ. Ասատուրյանի կողմից կազմակերպված հատուկ ընթրիքի ընթացքում, որին մասնակցել են նաև տարբեր կրոնական և էթնիկ համայնքների ներկայացուցիչներ, հոգևորականները հետաքրքրվել են այս շրջանում ժողովրդի ունեցած արդի խնդիրներով:
Իր ելույթում Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը նշել է, որ 2003թ.-ից այս կողմ Իրաքի հյուսիսում քրիստոնյաների թվաքանակը խիստ նվազել է և առաջիկա 10 տարում քրիստոնյա բնակչությունն այստեղ կարող է վերանալ առհասարակ:
Այկազյանը նաև շեշտել է, որ տեղի քրիստոնյա բնակիչները ծանր կացության մեջ են հայտնվել և կորցրել են իրենց հույսը: Արքեպիսկոպոսը պատմել է, որ այդ տարածքներով շրջելիս իրեն զգացել է 1915թ.-ի գաղթի ճանապարհներին Հալեպի, Բեյրութի կամ Հունաստանի փախստականների ճամբարներում:










