Իրաքում ամերիկյան ավիահարվածի արդյունքում սպանվել է Ֆրանսիայում ամենաորոնվող ԻՊ-ի գրոհայիններից մեկը
Ֆրանսիայում ամենաորոնվող իսլամիստ գրոհայինը սպանվել է Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում ԱՄՆ օդուժի հասցրած ավիահարվածների արդյունքում: The Independent-ի հաղորդմամբ` ջիհադականի մահվան լուրը հաստատել են և՛ Պենտագոնը, և՛ «Իսլամական պետություն» խմբավորման լրատվամիջոցները:
Խոսքը 1987-ին ծնված Ռաշիդ Քասիմի մասին է, որը սոցցանցերի միջոցով իսլամիստական խմբավորման համար նոր մարդկանց հավաքագրմամբ էր զբաղվում:
Ֆրանսիայի իշխանությունները վերջինիս կասկածում էին 2016-ին ֆրանսիացի ոստիկանի և նրա կնոջ սպանությունը, ինչպես նաև քահանայի գլխատումը կազմակերպելու մեջ: Նա առնչություն է ունեցել նաև մի շարք այլ կանխված դավադրությունների հետ:
Գրոհայինի մահից հետո հրապարակվել է նրա թողած ձայնագրությունը, որում Քասիմը քննադատել է ԻՊ-ի ղեկավարներին իրենց գրոհայիններին առաջնագիծ ուղարկելու կամ մահապարտ դարձնելու համար:










