Արարատ Խանդոյանից բողոք-պահանջ չունեմ. տուժող ոստիկանի ցուցմունքը (տեսանյութ)
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի գործով դատավարությունը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
Գործով տուժող, ոստիկանության զորքերի ծառայող Արսեն Խաչատրյանն ասաց, որ 2016 թվականի հուլիսի 20-ին ծառայություն է իրականացրել Երևանի Խորենացի փողոցում՝ ոստիկանական շղթայի երկրորդ շարքում:
«Ծառայության ընթացքում հարվածներ եմ ստացել, սաղավարտս վնասվել է, ինչից հետո նաև շրթունքի պատռվածք եմ ստացել: Դրանից հետո դուրս եմ բերվել շղթայից և տեղափոխվել հիվանդանոց»,-ասաց Արսեն Խաչատրյանը:
Մեղադրող դատախազի հարցին, թե սաղավարտը չլիներ, տուժողն ի՞նչ վնասվածք կստանար, ոստիկանն ասաց, որ եթե պաշտպանական միջոցները չլինեին, ապա վնասվածքն այլ աստիճանի կլիներ:
Արարատ Խանդոյանի պաշտպանի հարցին, թե Արսեն Խաչատրյանը տեսե՞լ է, որ Արարատ Խանդոյանը բռնություն կիրառի որևէ մեկի նկատմամբ, ոստիկանը բացասական պատասխան տվեց:
Դատարանի հարցին, թե տուժողը բողոք-պահանջ ունի՞ իր ստացած վնասվածքի հետ կապված, Արսեն Խաչատրյանն ասաց. «Ոչ»:
Արարատ Խանդոյանի հարցին,թե ի՞նչ հրամանից ելնելով են հարձակվել ժողովրդի վրա, Արսեն Խաչատրյանն ասաց. «Մենք չենք հարձակվել, մեզ հրաման է եղել շղթան առաջ տանել 10-15 քայլ»:
Գործով տուժող մեկ այլ ոստիկան՝ Նորայր Թորոսյանն էլ հայտնեց, որ 2016 թվականի հուլիսի 20-ին ծառայություն է իրականացրել Խորենացի փողոցում, որտեղ քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել, ինչից ինքը տուժել է. «Ձախ ուսի մկանային սալջարդ եմ ստացել»:
Արարատ Խանդոյանի հարցին, թե ի՞նչով են հարվածել իրեն, ոստիկանն ասաց, որ բախումների ժամանակ հարվածել են ոտքերով, քարերով: Խանդոյանի հարցին, թե ոտքո՞վ են ձախ ուսին են հարվածել, տուժող ոստիկանը բացասական պատասխան տվեց:
Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը բերման էր ենթարկվել հուլիսի 20-ին Խորենացի փողոցից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-10 տարի ժամկետով:










