Մալայզիայում ձերբակալել են Կիմ Չեն Ընի եղբոր սպանության համար կասկածվող երկրորդ կնոջը

09:51 • 16.02.17

Մալայզիայի ոստիկանությունը հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբայր՝ Կիմ Չոն Նամի սպանության համար կասկածվող երկրորդ կնոջ ձերբակալության մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ինչպես հայտնել է երկրի ոստիկանությունը, կասկածյալն ունեցել է ինդոնեզական անձնագիր, ձերբակալության ժամանակ եղել է մենակ:

Հարավկորեական «Չոսուն» հեռուստաալիքը հայտնել է, որ Կիմ Չոն Նամը սպանվել է թունավորված ասեղների միջոցով: Ռեպորտաժում նշվում էր, որ Կուալա Լումպուրի օդանավակայանում նրա վրա են հարձակվել երկու կին, ինչից հետո նրանք հեռացել են հանցագործության վայրից:

Չորեքշաբթի օրը հաղորդվել է, որ ձերբակալվել է առաջին կասկածյալը, ով Վիետնամի 18-ամյա քաղաքացի է: Ենթադրվում է, որ նրան ֆիքսել է Կուալա Լումպուրում տեսահսկման համակարգը: Մալայզիական ոստիկանության տարածած լուսանկարում կինը LOL գրությամբ վերնաշապիկով է: Ենթադրվում է, որ կանայք աշխատել են հյուսիսկորեական հատուկ ծառայությունների համար: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փետրվարի 13-ին Մալայզիայում սպանվել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբայրը՝ Կիմ Չոն Նամը: