Ռուսաստանի և ԱՄՆ-ի ռազմական ղեկավարությունը բանակցություններ կանցկացնի Բաքվում

10:40 • 16.02.17

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հինգշաբթի օրը Բաքվում կհանդիպեն ԱՄՆ զինված ուժերի շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդը և Ռուսաստանի գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը: Սա նման բարձր մակարդակում առաջին հանդիպումն է վերջին երեք տարիների ընթացքում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Պենտագոնի մամուլի ծառայության տվյալներով՝ զինվորական ղեկավարները կքննարկեն մի շարք հարցեր, այդ թվում ռուս-ամերիկյան ռազմական հարաբերությունների ներկայիս վիճակը և զինվորականների միջև հետևողական կապի կարևորությունը: Բանակցությունների օրակարգի մանրամասները չեն բացահայտվում:

ԱՄՆ-ն սառեցրել է Ռուսաստանի հետ ռազմական երկկողմանի կապերը 2014 թվականի գարնանը՝ ուկրաինական ճգնաժամի ֆոնին։ Վերջին անգամ Ռուսաստանի գլխավոր շտաբի ղեկավարը և ԱՄՆ շտաբների ղեկավարների կոմիտեի նախագահը հանդիպել են Բրյուսելում 2014 թվականի հունվարի վերջին: