Կարմիր Խաչի պատվիրակներն այցելել են Արցախում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողին

12:22 • 16.02.17

 

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացուն: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մամուլի հարցերով պատասխանատու Զառա Ամատունին:

Վերջինս ասաց, որ փետրվարի 14-ին ԿԽՄԿ-ի առաջին այցն է եղել ձերբակալվածին Լեռնային Ղարաբաղի Կարմիր Խաչի պատվիրակության կողմից, որի նպատակը նրա պահման պայմանները դիտարկելը, հարազատների և նրա միջև կապ պահելու հնարավորությանը ծանոթանալն է եղել:

«Սովորաբար, նման դեպքերում, հակամարտություններում, այցերի պարբերականությունն անհրաժեշտ է: Մարդիկ, ովքեր ժամանակավորապես պահվում են հակամարտության այս կամ մյուս կողմում, հնարավորություն ունեն պարբերական այցելությունների: Այցերի ժամանակ կարիքների գնահատում է կատարվում»,- նշեց Ամատունին:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային ուղղությամբ հակառակորդը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ էր ձեռնարկել: Կազմակերպված գործողությունների արդյունքում հայկական ուժերին հաջողվել էր գերեվարել ադրբեջանցի զինծառայող Էլնուր Հուսեյնզադեին: