Մարդիկ, ովքեր շահարկում են, որ հանրաքվեի օր է ընտրվել փետրվարի 20-ը՝ ժողովրդին մոլորեցնելու համար, սխալվում են. ԼՂ ԱԺ պատգամավոր

21:59 • 17.02.17

 

Կարծում եմ`ժողովուրդը ողջունում է Արցախում անցկացվելիք սահմանադրական փոփոխությունները: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արզիկ Մխիթարյանը: Նա նշեց, որ նորմալ է, երբ մարդիկ իրենց սոցիալական խնդիրների լուծումը կապում են այս փոփոխությունների հետ:

- Փետրվարի 20-ին Ղարաբաղում անցկացվելու է սահմանադրական հանրաքվե: Այս օրերին խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը հանդիպումներ են անցկացնում բնակչության հետ՝ «Այո՛ Արցախին» և «Դեմ ենք» կարգախոսներով: Ձեր հանդիպումներն ի՞նչ արդյունք են ցույց տալիս՝ բնակչությունը կո՞ղմ է, թե դեմ այս փոփոխություններին:

- Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը ծնվել էր մինչ այս քննարկումների մեկնարկը: Շուրջ 1,5 ամիս է նոր Սահմանադրության հայեցակարգը քննարկվում է թե՛ հանրության շրջանում, թե՛ քաղաքական: Կարծում եմ, որ ժողովուրդը ողջունում է այս փոփոխությունները: Երեկ հրապարակվեցին նաև Ղարաբաղում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք «այո»-ի բավական բարձր ցուցանիշներ էին խոստանում:

- Իշխանությունների հետ հանդիպման ժամանակ մարդիկ ավելի շատ սոցիալական խնդիրների հետ են կապում սահմանադրական փոփոխությունները: Ինչո՞ւ։

- Նրանք, ովքեր ունեն սոցիալական խնդիրներ, ամեն պատեհ առիթ փնտրում են՝ դրանց մասին բարձրաձայնելու համար: Դա պայմանավորված չէ սահմանադրական փոփոխություններով: Երբ իշխանավորը հանդիպում է հասարակ ժողովրդի հետ, անկասկած, սոցիալական խնդիրների մասին հարցը բարձրաձայնվում է: Սահմանադրական բարեփոխումներն, իհարկե, ենթադրում են տնտեսական առաջընթաց, զարգացում և դա ևս առիթ է, որ մարդն իր սոցիալական խնդիրները բարձրացնի:

- Այսինքն՝ նոր Սահմանադրությունը որոշակի առումով լուծելո՞ւ է սոցիալական խնդիրները:

- Դրանք առօրեական խնդիրներ են, որոնք պատերազմող երկրի համար անխուսափելի են: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ հակամարտության վերջին փամփուշտը չի պարտվել, հակամարտությունը ընթացքի մեջ է, ու պետությունը չունի այն հնարավորությունները, որ սոցիալական բոլոր խնդիրները լուծի: Յուրաքանչյուր քաղաքացի հույս է կապում, որ սահմանադրական բարեփոխումները հնարավորություն կտան իշխանություններին լուծելու այդ խնդիրները:

- Հանրաքվեի օր է նշանակվել փետրվարի 20-ը: Սա պատմական օր է Արցախի համար, որովհետև 80-ականների նույն օրը վճռվեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին հարցը: Սոցիալական կայքերում տեսակետներ կան, որ իշխանություններն, այսպես ասած, անազնիվ ճանապարհով «Այո՛ Արցախ»-ն են քարոզում այն նույն կարգախոսով, ինչ 88-ին, և այսպիսով մարդկանց մեջ շփոթ է առաջանում, չեն հասկանում՝ խոսքն ինչի մասին է: Այդպե՞ս է:

- Սոցիալական կայքերում գրառումներ է կատարում մի սերունդ, որը չի ապրել 88-ը: Նրանք, ովքեր 88-ին ապրել են Արցախում, նրանք, ովքեր մինչ 94-ը պայքարել են Արցախի անկախության համար, գիտակցում են, թե ինչ խորհուրդ ունի փետրվարի 20-ը: Այդ ժամանակ եղավ այն հզոր ալիքը, որը կոտրեց ստրուկի հոգեբանությունը, և մենք այսօր կարողանում ենք ՀՀ հետ համագործակցելով ապահովել մեր գոյությունը: Եվ եթե կան մարդիկ, ովքեր շահարկում են, որ փետրվարի 20-ն ընտրված է ժողովրդին տեղամասեր քաշել տալու ու «այո» ասել տալու համար, սխալվում են: Ճիշտ եք՝ որոշում կայացվեց Հայաստանին միանալու: Արցախի բնակչությունն իրեն միացած է համարում Արցախին:

- Այսինքն՝ մոլորության մեջ գցելու խնդիր չկա՞:

- Բոլորովին: Դա շահարկվում է անբարեխիղճ մարդկանց կողմից:

- Իշխանություններն ասում են, թե կողմ լինել նոր Սահմանադրությանը՝ նշանակում է կողմ լինել Արցախի զարգացմանը: Նրանք, ովքեր «ոչ» կասեն այս փոփոխություններին, Ձեր կողմից ընկալվելու են որպես Արցախի զարգացմանը դեմ մարդի՞կ:

- Ոչ ոչ… Ես բոլորովին այդ կարծիքին չեմ: Յուրաքանչյուր քաղաքացի ունի արտահայտվելու իր իրավունքը, իր կարծիքը հայտնելու իրավունքը: Եթե «ոչ»-ը հաղթի, նշանակում է, որ իրենք ավելի ճշմարիտ են: