Հս. Կորեան չի ընդունում Կիմ Չեն Նամի դիահերձման արդյունքները
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ չեն ընդունում Մալայզիայում սպանված հյուսիսկորեացի քաղաքացու դիահերձման արդյունքները` միաժամանակ չհիշատակելով ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի եղբոր` Կիմ Չեն Նամի անունը:
Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով Մալայզիայում ԿԺԴՀ-ի դեսպանի պաշտոնական հայտարարությունը: Դեսպանը հերքել է դիահերձման դեռևս չհրապարակված արդյունքները` պատճառաբանելով, որ այն տեղի է ունեցել առանց Հս. Կորեայի ներկայացուցիչների մասնակցության:
Միևնույն ժամանակ դեսպանը պահանջել է երկրի իշխանություններից անհապաղ կորեական կողմին փոխանցել հանգուցյալի մարմինը:
Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդել էինք, Մալայզիայի իշխանություններն, իրենց հերթին, հայտարարել են, որ մարմինը հանձնելու համար նախ հանգուցյալի և նրա հարազատներից որևէ մեկի միջև ԴՆԹ հետազոտության արդյունքներ են անհրաժեշտ:










