Ձորը գլորված բուլդոզերում գտնվող զինվորներից մեկի վիճակը միջին ծանրության է, մյուսի վիճակը գնահատվում է ծանր

10:45 • 17.02.17

Նախօրեին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս ձորը գլորված բուլդոզերում գտնվող զինծառայողները շարունակում են բուժում ստանալ «Մուրացան» զինվորական հոսպիտալում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մուրացան զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:

«Արմեն Պուխանի վիճակը գնահատվում է ծանր։ Նրան վիրահատել ենք, կրծքավանդակը դրենավորել ենք: Վրույրին էլ նոր պետք է վիրահատենք, ազդրը պետք է վիրահատվի, նրա վիճակը միջին ծանրության է»,- նշեց Արամ Ասատուրյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին  զորամասի մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս ձորն է գլորվել զորամասին պատկանող T-170 բուլդոզերը, ինչի հետևանքով բուլդոզերում գտնվող պայմանագրային զինծառայողներ Գարեգին Հակոբի Մինասյանը, Արմեն Միխայելի Պուխան և Վրույր Ֆիրդուսի Ներսիսյանն ստացել են մարմնական վնասվածքներ:

ՀՀ ՊՆ Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին պայմանագրային զինծառայող Գարեգին Հակոբի Մինասյանը մահացել է:

Նույն օրը Ա.Պուխան և Վ.Ներսիսյանը տեղափոխվել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: