Իռլանդացի ֆուտբոլիստը տուգանվել է Էլվիս Փրեսլիի նմանակի վրա հարձակվելու համար
Անգլիական «Բլեքբերն Ռովերս» ֆուտբոլային թիմի իռլանդացի ֆուտբոլիստ Էնտոնի Սթոուքսը մեղավոր է ճանաչվել մարդու վրա հարձակվելու մեջ, ինչի պատճառով նա կտուգանվի: Հայտնի է, որ տուժածն ավելի վաղ աշխատելիս է եղել որպես Էլվիս Փրեսլիի նմանակ:
BBC-ի հաղորդմամբ` Սթոուքսը պարտավոր կլինի 150 հազար եվրո տուգանք մուծել տուժածի առողջությանը վնաս հասցնելու, 50 հազար եվրո` ծանրացնող հանգամանքների, ևս 30 հազար եվրո` կայանատեղիի նախկին աշխատակցի բժշկական ծախսերի համար: Ավելի վաղ ֆուտբոլիստն արդեն 30 հազար եվրո է վճարել տուժածին:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել 2013 թվականի հունիսի 8-ին` Դուբլինի գիշերային ակումբներից մեկում: Ծեծկռտուքի ընթացքում Սթոուքսը ջարդել է կայանատեղի աշխատակցի քիթն ու երկու ատամը:
Տուժածի խոսքով` ֆուտբոլիստը ներողություն չի խնդրել իրենից:










