Ֆինլանդիայի խորհրդարանը թույլ է տվել համասեռ ամուսնությունները «այժմ և ընդմիշտ»
Ֆինլանդիայի խորհրդարանը մերժել է քաղաքացիական նախաձեռնությունը, որը պահանջում էր չեղյալ հայտարարել համասեռ ամուսնությունների մասին օրենքը: Խնդրագրի դեմ քվեարկել է 120 խորհրդարանական, կողմ՝ 48, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Խորհդարանը հաստատել է, որ համասեռ ամուսնությունները 100 տոկոսով թույլ են տրվելու այժմ և ընդմիշտ: Երջանիկ ամուսնություններ»,- Twitter-ում գրել է «Կանաչ միություն» կուսակցության առաջնորդ Վիլե Նիյնիստյոն:
Օրենքը, որը պաշտոնապես թույլ էր տալիս համասեռ ամուսնությունները, ընդունվել է Ֆինլանդիայում 2014 թվականին, մարտի 1-ից այն ուժի մեջ է մտնում: Ֆինլանդիան դարձել է 12-րդ եվրոպական երկիրը, որտեղ թույլատրվում են համասեռ ամուսնությունները:
Օրենքի հակառակորդները խնդրագրի տակ ավելի քան 50 հազար ստորագրություն էին հավաքել:
Ազգային կոալիցիոն կուսակցությունը, ինչպես նաև «Շվեդական ժողովրդական կուսակցությունը», «Կանաչ կուսակցությունը», «Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը» և «Ձախ կուսակցությունը» դեմ են հանդես եկել համասեռ ամուսնությունների մասին օրենքի չեղարկմանը:










