Ցեղասպանության դոգմատիկ թեզերից պետք է հրաժարվել և առաջնային դարձնել փոխհատուցման թեման. ֆրանսահայ իրավաբան
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում փոխհատուցման թեման առաջանային չի համարվում, բայց կա մի բջիջ, որն արծարծում է այդ հարցը՝ հայ որոշ պաշտոնյաներ, մի շարք հայ իրավաբաններ, որոնք աշխատում են այդ հարցի շուրջ, որից մեկն էլ ես եմ։
Այսօր «Ի՞նչ ապագա ունի հայ-թուրքական երկխոսությունը. հիշատակի հարցերի և միջազգային հարաբերությունների խաչմերուկում Թուրքիայի, Հայաստանի և Ֆրանսիայի հայկական սփյուռքի դիտանկյունից» թեմաներով քննարկում-բանավեճին ասաց իրավաբան, Փարիզ 2 համալսարանի Մարդու իրավունքների կենտրոնի ավագ գիտաշխատող Ֆիլիպ Կալաֆյանը: Ըստ նրա՝ ամրապնդված միասնական ռազմավարությունը տանում է փակուղի:
«Այդ ռազմավարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման ռազմավարությունն է, որը կարող է լինել քաղաքական ճանաչում, իսկ դրա դիմաց ունենք Թուրքիայի կողմից ժխտումը: Այսինքն՝ լուրջ մարտ է վարվում, որը կարող է երկար տևել, որը ոչ մի տեղ չի տանում, քան փակուղի, մինչդեռ ժամանակը կարևոր գործոն է հայկական հարցի լուծման համար, հատկապես՝ փոխհատուցումների»,-իր ելույթի ժամանակ ասաց նա:
Ֆիլիպ Կալաֆյանի խոսքով՝ Հայոց հարցն արդեն քրեական շրջանակներում չի գտնվում, որովհետև ոճրագործությունների հեղինակների անհատական պատասխանատվությունը հնարավոր չէ, նրանք չկան, չկան նաև մեղսակիցները:
«Այդ պատճառով Հայոց ցեղասպանությունը կմնա պատմական փաստ: Իսկ ո՞րն է ուղին՝ դա փոխհատուցումների ուղին սկսելն է, այսինքն՝ փոխհատուցում պահանջել, որը հիմնված է ոչ թե քրեական պատասխանատվության վրա, այլ միջազգային իրավունքում անօրինական գործողությունների»,-հայտարարեց նա:
Իրավաբանը շեշտեց, թե այսինքն՝ ոչ թե պետք է սահմանվի, որ Թուրքիան խախտել է իր օրենքը, ինչպիսին էլ լինի որակումը այդ խախտման, այլ բարձրացնել քաղաքացիական վնասների փոխհատուցումը:
Նա նշեց, որ կան որոշ անհատական հատուցման գործընթացներ, որոշները հասել են կարգավորման, որոշները ընթացքի մեջ են տարբեր ամերիկյան, գերմանական ապահովագրական ընկերությունների հետ: Կան հարցեր նաև Թուրքիայում, որոնք վերաբերում են թե՛ անհատների, թե՛ իրավաբանական անձանց մասնավոր գույքին, և առավել շատ հայտնիներից հիշեցրեց Լիբանանի Կաթողիկոսության իր գույքի պահանջը:
Ֆիլիպ Կալաֆյանը նշեց, որ նման գործընթացներով նախ և առաջ կարելի է դուրս գալ այս փակուղային վիճակից, և հետո դրանք միջազգային իրավունքում կարգավորված են, և բազմաթիվ նախադեպեր կան:
Կալաֆյանի խոսքով՝ չկան կոլեկտիվ պահանջներ, ինչը ևս կարևոր է միասնական պատում գրելու համար, թե ինչ է տեղի ունեցել:
«Արդյոք կլինի՞ այդ դեպքում Ցեղասպանություն հարցը, գուցե ոչ։ Ամեն դեպքում կդրվի պատասխանատվության հարցը, և նման պաշտոնական պատմության փոփոխությամբ պետք է հաստատվի: Ի վերջո, որոշակի դոգմատիկ թեզերից պետք է հրաժարվել երկու կողմից և հասնել գլոբալ, անկեղծ համագործակցության, որովհետև համընդհանուր պատում գրելու համար միայն Թուրքիան չէ, որ պետք է ջանքեր գործադրի։










