Արայիկ Խանդոյանն ու Աշոտ Պետրոսյանը հացադուլ են հայտարարել` ի աջակցություն «հաց բերող» Արթուր Սարգսյանի
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ) երեկվանից հացադուլ է հայտարարել՝ հաջակցություն «Սասնա ծռերին» ՊՊԾ գունդ սնունդ մատակարարած Արթուր Սարգսյանի և իր եղբոր Արարատ Խանդոյանի։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։
«Արայիկ Խանդոյանը երեկ էր հացադուլ հայտարարելու դիմում գրել, չնայած որ առողջական խնդիրներ ունի, երկրորդ կարգի հաշմանդամ է։ Նա այդ կերպ իր աջակցությունն է հայտնում Հաց բերող Արթուր Սարգսյանին, իր եղբորը՝ Արարատ Խանդոյանին, ով ապօրինի քրեական հետապնդման է ենթարկվում հուլիսի 20-ին Խորենացի փողոցում ցույցի մասնակցելու համար»,- ասաց Արայիկ Պապիկյանը։
Նա նաև հայտնեց, որ իր պաշտպանյալներից արդեն երեք օր է հացադուլ է հայտարարել նաև Աշոտ Պետրոսյանը, ով նույնպես իր աջակցությունն է հայտնում Արթուր Սարգսյանին։
Նշենք, որ Արթուր Սարգսյանն, ով մեղադրվում է«Սասնա ծռերին» օժանդակելու մեջ, նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին ազատ էր արձակվել, սակայն քննչական մարմնից խուսափելու պատճառաբանությամբ բերման էր ենթարկվել և փետրվարի 9-ին կալանավորվել, իսկ փետրվարի 10-ին անժամկետ հացադուլ է հայտարարել, որը շարունակում է մինչ օրս։










