Մոսկվայում դատարանը կքննի գործարար Արամ Պետրոսյանի կալանքի երկարաձգման հարցը
Փետրվարի 21-ին Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը կքննի «Սիթիբանկ»-ի մոսկովյան մասնաճյուղում պատանդներ վերցրած գործարար Արամ Պետրոսյանի կալանքի ժամկետների երկարաձգման մասին միջնորդագիրը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Անաստասիա Պիլինան:
«Պետրոսյանին կալանքի տակ պահման ժամկետների երկարաձգման հարցի քննության վերաբերյալ դատական նիստը նշանակված է փետրվարի 21-ին ժամը 13:30»,- ասել է մամուլի քարտուղարը:
Պետրոսյանը մեղադրվում է ահաբեկչության և պատանդներ վերցնելու համար, դատարանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը հաստատվել է մինչև 2017 թվականի փետրվարի 24-ը: Քննությունը գործարարին նշանակել է ստացիոնար հոգեբանական և հոգեբուժական փորձաքննություն: Առաջին ամբուլատոր անցկացված փորձաքննությունը Պետրոսյանին մեղսունակ է ճանաչել:
Հիշեցնենք, որ սնանկացած հայ գործարարը մոսկովյան բանկի մասնաճյուղ էր ներխուժել անցած տարվա օգոստոսին և չորս պատանդ վերցրել՝ սպառնալով պայթեցնել շենքը: Նա ինքնակամ հանձնվել էր ոստիկաններին և ավելի ուշ պարզաբանել, որ այդ քայլով ցանկացել է ուշադրություն հրավիրել բիզնեսում առկա խնդիրների վրա:










