Սիրիական զորքերը մարտեր են վարում ԻՊ-ի ահաբեկիչների դեմ Պալմիրայի արևմուտքում
Սիրիական բանակն աշխարհազորայինների ջոկատների աջակցությամբ շարունակում է Պալմիրայի գրոհը և գտնվում է քաղաքից 17 կիլոմետր հեռավորության վրա, գրում է ТАСС-ը: Զորքերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ մարտեր են վարում քաղաքից արևմուտք գտնվող Էլ-Բայարաթ բնակավայրի մոտակայքում:
«Մարտիկներն ու աշխարհազորայինները հակառակորդին զգալի կորուստներ են հասցրել կենդանի ուժի և տեխնիկայի առումով, ոչնչացվել են նրանց կրակային դիրքերը և զինամթերքի պահեստները»,- հայտնել է սիրիական հրամանատարության ներկայացուցիչը: Նրա խոսքերով՝ այժմ սակրավորները ականազերծում են Հոմս-Պալմիրա ճանապարհի մի հատվածը, ինչից հետո դեպի քաղաք գրոհը կշարունակվի:
Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն անցած տարվա դեկտեմբերին կրկին իր հսկողության տակ էր առել Պալմիրան, որը Ռուսաստանի և Սիրիայի զինված ուժերը համատեղ ջանքերով ազատագրել էր 2016թ. մարտին:










