Վահան Շիրխանյանին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից «Արմավիր» ՔԿՀ չեն տեղափոխի. Հայկ Ալումյան

17:16 • 17.02.17

ՀՀ նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար, Նորք Մարաշի խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հիմքեր չկան:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ փոխանցելով ՀՀ քրեակատարողական վարչության պատասխանը:

«Ինձ երեկ ՀՀ քրեակատարողական վարչությունից փոխանցել են հետևյալը. «Ի պատասխան Ձեր գրության հայտնում եմ, որ կալանավորված Վահան Գրիգորի Շիրխանյանին այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար հիմքեր չկան»,-ասաց Ալումյանը՝ հավելելով, որ նախկինում նրան ցանկացել են տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ: շ

Հարցին, թե ինչով կարող է պայմանավորված լինել հիմքերի վերացումը, Հայկ Ալումյանն ասաց, որ իր ենթադրությամբ՝ նման որոշում կայացնելու հիմք է հանդիսացել բողոքներն ու Եվրոպական դատարանին ուղղված նամակը:

Դիտարկմանը, թե ՀՀ կառավարությունը Շիրխանյանի վերաբերյալ ՄԻԵԴ-ի հարցերին պետք է պատասխանի մինչև հունվարի 22-ը, Ալումյանն ասաց. «Մինչև հունվարի 22-ը կգրեն՝ մենք ոչ մի տեղ չենք տեղափոխում»:

Հայկ Ալումյանը նաև հայտնեց, որ այսօր է տեսակցել իր պաշտպանյալին, և նրա առողջական վիճակում դրական փոփոխություն չկա:

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի Վահան Շիրխանյանի վերաբերյալ ՄԻԵԴ ներկայացված դիմումում պաշտպանները պնդել են, որ Հայաստանի կառավարությունը խախտում է Եվրոպական կոնվենցիան՝ պաշտպանության նախկին փոխնախարարին խոշտանգում են բանտում՝ հրաժարվելով տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։

Նշենք, որ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Հանցավոր համագործակցությանը մասնակցելը», որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով: