Ինչպես է Թրամփի միգրացիոն հրամանագիրն անօթևան դարձրել իրանահայ ընտանիքին. KPCC
KPCC կայքն անդրադարձել է միջազգային քաղաքական օրակարգի ամենաշատ քննարկված թեմաներից մեկին՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի աղմկահարույց միգրացիոն հրամանագրին, որը ժամանակավորապես արգելում է մի շարք մուսուլմանական երկրների (Իրան, Իրաք, Լիբիա, Սիրիա, Սոմալի, Սուդան, Եմեն) քաղաքացիների մուտքն ԱՄՆ:
Աղբյուրը փորձել է ներկայացնել, ինչպես է Թրամփի որոշումն ազդել ԱՄՆ-ում բնակություն հաստատել ցանկացող հայերի ճակատագրի վրա:
Նշվում է, որ երբ Թրամփը, ելնելով անվտանգության նկատառումներից, ստորագրեց փաստաթուղթը, ասաց, որ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ հատկապես քրիստոնյաներին արտոնություններ կտվեն:
Այնուհանդերձ՝ որոշ քրիսոտնյա ներգաղթյալներ հրամանագրի ստորագրումից հետո չեն կարողացել հատել Միացյալ Նահանգների սահմանը՝ չնայած, որ ԱՄՆ որոշ դաշնային դատարանները կասեցրել են Թրամփի որոշումը:
ԱՄՆ նախագահի որոշումից տուժածներից է ամերիկաբնակ Ջորջ Հարությունյանի ընտանիքը, որի անդամները մտադիր էին Իրանից տեղափոխվել Լոս Անջելես: Հայտնի է, որ Հարությունյանն արդեն 3 տարի է, ինչ Գլենդեյլում է ապրում և այնտեղ սեփական բիզնեսն ունի:
Հարությունյանի պատմելով՝ իր ընտանիքը մնացել է անորոշության մեջ, կորցրել ամեն ինչ: Վստահ լինելով, որ մեկնելու են ԱՄՆ՝ նրանք դուրս են եկել աշխատանքից, թողել են ուսումը, վաճառել տունն ու ամբողջ ունեցվածքը: Այժմ Հարությունների ընտանիքն անօթևան է:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Թրամփի հրամանագրի պատճառով Իրանում ԱՄՆ այցագրերից զրկվել է 155 ներգաղթյալ, ովքեր պատրաստվում էին Միացյալ Նահանգներ մեկնել ու այնտեղ հիմնավորվել:
Աղբյուրը մանրամասնում է, որ հունվարի 27-ին հրամանագրի ստորագրումից հետո ամերիկյան օդանավակայաններում իսկական քաոս է սկսվել. արգելված պետություններից ժամանած մարդիկ բերման են ենթարկվել, ժամեր շարունակ անազատության մեջ պահվել, իսկ նրանցից ոմանք հետ են ուղարկվել:
Հիշեցնենք, որ երեկ Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ եկող շաբաթ կներկայացնի նոր մշակված փաստաթուղթ, որը պետք է փոխարինի ավելի վաղ ներկայացված և մեծ աղմուկ բարձրացրած միգրացիոն հրամանագրին:
Հունվարի 27-ին ստորագրված հրամանագիրն 90 օրով արգելում է մուսուլմանական բնակչություն ունեցող 7 պետությունների (Իրան, Իրաք, Լիբիա, Սիրիա, Սոմալի, Սուդան, Եմեն) քաղաքացիների մուտքն ԱՄՆ:
Հայտնի է, որ ԱՄՆ մի շարք դաշնային դատարաններ հակասահմանադրական են ճանաչել միգրացիոն հրամանագիրն ու ժամանակավորապես կասեցրել դրա իրագործումը:










