«Ազատություն «Հաց բերողին» կարգախոսով հավաք-երթ է անցկացվել (տեսանյութ)

18:08 • 18.02.17

Ազատության հրապարակից մեկնարկել է «Ազատություն «Հաց բերողին» կարգախոսով հավաք-երթը՝ ի պաշտպանություն Արթուր Սարգսյանի։ «Սասնա ծռեր» նախաձեռնության անդամ Ալեք Ենիգոմշյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երկրի իշխանությունները, Արթուր Սարգսյանին անազատության մեջ պահելով, ցույց են տալիս իրենց վախվորածությունը:

 

Երթը շարունակվեց մինչև կալանավորների հիվանդանոց, որտեղ մասնակիցները հիվանդանոցի մատույցներում կանգնած  հնչեցնում են իրենց պահանջը՝ «Ազատություն «Հաց բերողին»:

 

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մեղադրվում էր «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ, սակայն առողջական խնդիրների պատճառով կալանքից ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին:  Փետրվարի 9-ին կրկին նախաքննական մարմինը նրան կալանավորելու որոշում է կայացրել, պատճառաբանելով, որ նա թաքնվում է նախաքննությունից:

 

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի պաշտպանները 2016 թվականի դեկտեմբերի 17-ին դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու խնդրանքով։ Մասնավորապես՝ խնդրելով ՄԻԵԴ-ին ՀՀ կառավարությունից պահանջել ապահովել դիմողի բուժումը։

ՄԻԵԴ-ն արագ արձագանքել էր և համապատասխան հարցադրումներ էր ուղղել և վերջնաժամկետ էր նշել 2017թ. հունվարի 4-ը:

 

Նշենք նաև, ՀՀ գլխավոր դատախազությունն Արթուր Սարգսյանի վերաբերյալ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ստացված կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Ա. Սարգսյանի մոտ առկա հիվանդությունները, այդ թվում նաև Բեխտերևի հիվանդությունը՝ առանց ներքին օրգանների ախտահարումների, չեն դասվում ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին, և վերջինս ստացիոնար բուժման կարիք չունի:

 

Արթուր Սարգսյանը հայտարարել է հացադուլ: