Կալիֆորնիայում առնվազն մեկ մարդ է մահացել եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով (տեսանյութ)

10:12 • 18.02.17

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում առնվազն մեկ մարդ է մահացել եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով, հայտնում է Associated Press-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Կալիֆորնիայի հարավային և կենտրոնական մասերին քամիներով և հորդառատ անձրևներով ուղեկցվող ուժեղ փոթորիկ է պատուհասել: Սաստիկ քամիների հետևանքով Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում չեղարկվել է մոտ 3 հարյուր չվերթ: Անձրևի պատճառով հեղեղվել են բնակելի թաղամասեր, սողանքների սպառնալիքի պատճառով իրականացվում է բնակչության մասնակի տարհանում:

Նշվում է, որ ուժեղ քամիների պատճառով ընկնող ծառերը վնասում են էլեկտրական լարերը: Հայտնի է, որ Լոս Անջելեսում հոսանքահարումից 55-ամյա տղամարդ է մահացել:

ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայության հաղորդմամբ` հնարավոր հեղեղումների զգուշացումներն ուժի մեջ կմնան մինչև փետրվարի 18-ի տեղական ժամանակով ժամը 16:00-ն: