Ֆրանսիայում գազի բալոնների պահեստում պայթյունների շարք է տեղի ունեցել (լուսանկարներ, տեսանյութեր)

12:33 • 18.02.17

Ֆրանսիական Վոկլյուզ դեպարտամենտի Ժոնկիեր կոմունայի գազի բալոնների պահեստում պայթյունների շարք է որոտացել: Պայթյուններից առաջ պահեստում հրդեհ է բռնկվել: Այս մասին հաղորդում է ֆրանսիական Le Monde թերթը:

Աղբյուրի տվյալների համաձայն` պայթյունները լսվել են մի քանի կիլոմետր շառավղով, և դրանց արձագանքը հասել է երկրի հարավում գտնվող Ավինյոն քաղաք:

Թերթը գրում է, որ դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայությունները: Զոհերի ու տուժածների վերաբերյալ տեղեկություններ առայժմ չկան, սակայն տարհանվել է մոտակա տների մի քանի բնակիչ:

Նշվում է, որ պայթյունները խուճապ են առաջացրել սոցցանցերում: Հրշեջները հայտնել են «պայթյունների աներևակայելի քանակության մասին»: