Մարդկանց աշխատանքը «խլող» ռոբոտները պետք է հարկեր վճարեն. Բիլ Գեյթս (տեսանյութ)

13:31 • 18.02.17

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը Quartz-ին տված հարցազրույցում ասել է, որ մարդկանց փոխարինող և նրանց աշխատանքը «խլող» ռոբոտները պետք է նույնպես հարկեր վճարեն: Միլիարդատիրոջ հարցազրույցին անդրադարձել է Forbes-ը:

«Այժմ գործարանում աշխատող մարդը, որը 50 հազար դոլար է վաստակում, պետք է զանազան հարկեր վճարի և տարբեր այլ մուծումներ անի: Եթե նույն աշխատանքն իրականացնում է ռոբոտը, ապա կարելի է մտածել նրանից ևս հարկեր գանձելու մասին», - ասել է Գեյթսը:

Նրա խոսքով` կառավարությունները պետք է պատրաստ լինեն այն բանին, որ մարդկանց փոխարինումը ռոբոտներով շատ աշխատատեղերում տեղի կունենա համարյա միաժամանակ: Նրա կարծիքով` հարկային քաղաքականությունն այս գործընթացը կառավարելու լավագույն միջոցն է:

«Ռոբոտներից ստացված հարկերը պետք է ծախսվեն կարիքավորներին, գործազուրկներին և սահմանափակ կարողություններով երեխաներին օգնություն ցուցաբերելու համար: Դրանից բացի, այդ հարկերը կարելի է ծախսել առողջապահության ոլորտում, ենթակառուցվածքների զարգացման, իրավապահ մարմինների աշխատանքի բարելավման, ինչպես նաև` աշխատանքից զրկվածների վերաորակավորման վրա», - իր գաղափարներով կիսվել է Գեյթսը:

 

 

Մարդկանց աշխատանքը «խլող» ռոբոտները պետք է հարկեր վճարեն. Բիլ Գեյթս (տեսանյութ)