Չեմ հասկանում, երբ Սեյրան Օհանյանն սկսում է պետությունից դժգոհել. Մանվել  Գրիգորյան (տեսանյութ)

16:11 • 18.02.17

Ես չեմ ցանկացել, առաջադրվել նախագահն է, որոշել, որ պետք համամասնական ցուցակում  լինեմ։ Այս մասին ԵԿՄ 11-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրուցում ասաց ԵԿՄ  նախագահ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը։

Նա  նշեց, որ  ժամանակից առաջ  չի ընկնի և չի ասի, թե ընտրություններին մասնակցող  ուժերից ով ինչ շանսեր ունի։

Մանվել Գրիգորյանն անդրադարձավ նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան  Օհանյանի  հայտարարություններին իշխանափոխության, «քաղբանտարկյալների»  առկայության վերաբերյալ։

«Սեյրան Օհանյանը գեթ մեկ անգամ քաղբանտարկյալների մասին պետք է խոսեր այն ժամանակ, երբ պաշտոնավարում էր։ Քաղբանտարկյալներն այս մի քանի օրվա ընթացքո՞ւմ են հայտնվել, թե՞ նրանք վաղուց կային»,- հարցադրում արեց նա։

Մանվել Գրիգորյանն ասաց, որ Սեյրան Օհանյանը հակասում է նախկինում իր կողմից արված  հայտարարություններին։ 

«Ես նրան մարտական ընկեր եմ համարում ... Բայց չեմ հասկանում, երբ նրանք սկսում են պետությունից դժգոհել։ Նրանք գիտեն ինչպես պետական գաղտնիքները, այնպես էլ պետության դրական ու բացասական կողմերը»,- նշեց Մանվել Գրիգորյանը։

Նա նաև չբացառեց, որ ընտրություններին ընդառաջ հակառակորդը կարող է սադրանքների   դիմել սահմանին։

«Կսկսենք խառնվել, իրար հայհոյել ընտրությունների ժամանակ, վիրավորել, անպատվել, կմտածեն` պառակտվել ենք, կսկսեն սահմանին լարել, արյուն թափել»,- ասաց Մանվել Գրիգորյանը: