Է. Նալբանդյանն ու Բահրեյնի արտգործնախարարը պայմանավորվել են առավել սերտացնել երկու երկրների փոխգործակցությունը

14:26 • 18.02.17

Փետրվարի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է Բահրեյնի ԱԳ նախարար Խալեդ բեն Ահմեդ բեն Մոհամեդ Ալ Խալիֆային, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախարարները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և արաբական երկրների միջև առկա պատմական ջերմ բարեկամական կապերն ու պայմանավորվեցին գործնական քայլեր ձեռնարկել՝ Հայաստանի և Բահրեյնի փոխգործակցության առավել սերտացման համար։

Հայաստանի և Բահրեյնի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորել են փոխադարձ այցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, իրավապայմանգրայաին դաշտի ընդլայնումը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել առևտրատնտեսական կապերի զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, այդ թվում՝ բանկային բնագավառում փոխգործակցության հաստատմանը, գործարար համաժողովների կազմակերպմանը, զբոսաշրջության խթանմանը։

Հայաստանի և Բահրեյնի արտգործնախարարները քննարկեցին շարժունակության հետ կապված հարցեր:

Նախարարները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ։