Լոնդոնի քաղաքապետը կոչ է արել չեղարկել Դոնալդ Թրամփի այցը Բրիտանիա

23:36 • 19.02.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «դաժան և ամոթալի» քաղաքականությունը պետք է պատճառ դառնա Մեծ Բրիտանիա կատարելիք նրա պաշտոնական այցն արգելելու համար: The Independent-ի հաղորդմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանը:

 «Երբ ինչ-որ մեկը հարազատ է քեզ, դուք քայլում եք կողք-կողքի, սակայն եթե ինչ-որ մեկը սխալ է, պետք է ցույց տալ դա նրան: Մեծամասամբ մուսուլման բնակչություն ունեցող 7 երկրի քաղաքացիների մուտքն արգելելու որոշումը դաժան և ամոթալի է», - շեշտել է Լոնդոնի քաղաքապետը:

Հանի խոսքով` Թրամփի նմանօրինակ գործողությունները բավարար պատճառ են հանդիսանում «նրա առաջ կարմիր գորգ չփռելու համար»:  

Փետրվարի 20-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պետք է քննարկի Դոնալդ Թրամփի` թագուհու հրավերով Բրիտանիա կատարելիք այցի հարցը:

Բրիտանական կառավարության կայքում ավելի վաղ պաշտոնական խնդրագիր էր հրապարակվել այցը չեղարկելու պահանջով, որը հարյուր հազարավոր մարդիկ էին ստորագրել: