Ջիբրալթարում կալանքի տակ է առնվել ռուս միլիարդատիրոջը պատկանող աշխարհի խոշորագույն առագաստանավը
Ռուս միլիարդատեր Անդրեյ Մելնիչենկոյի Sailing Yacht A անձնական զբոսանավը կալանքի տակ է առնվել գերմանական նավաշինական ընկերության` ավելի քան 15 մլն եվրո ծավալով գումարի հայցի հիման վրա:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, օրեր առաջ առագաստանավը ժամանել է Ջիբրալթար հարդարման աշխատանքների համար, այնուհետև այն պետք է փորձարկվեր Իսպանիայում: Փետրվարի 5-ին նավը դուրս էր եկել գերմանական Քիլ քաղաքից:
Nobiskrug նավաշինարանի փաստաբանները, որտեղ կառուցվել է նավը, դատական հայց են ներկայացրել պայմանագիրը խախտելու համար: Հայցում նշվում է, որ պատվիրատուն` Valla Yachts Limited ընկերությունը, չի կատարել 9.8 մլն եվրոյի վերջին փոխանցումը մինչև հունվարի 27-ը, ինչպես նախատեսված է եղել: Ընկերությունը խնդիրներ է ունեցել նաև շինարարության ընթացքում պատվերների համար վճարումների հետ կապված: Արդյունքում հայցում նշված ընդհանուր գումարը կազմել է 15.3 մլն եվրո:
Առագաստանավը տիրոջը պետք է փոխանցվեր 2017-ի գարնանը: Աշխարհի խոշորագույն առագաստանավի շինարարությունը Քիլում սկսվել է 2015-ի աշնանը: Նավի երկարությունը կազմում է 143 մետր:










