Բելգիայի Թագավորության պատվիրակներն այցելել են Արցախի խորհրդարան

23:06 • 19.02.17

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեին միջազգային դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Բելգիայի Թագավորության պատվիրակության անդամներ Բրյուսելի շրջանային խորհրդարանի անդամ Սերժ դը Պատուլին և Վալոնիա-Բրյուսելի դաշնության խորհրդարանի պատգամավոր Բենուա Դրեզին:

Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, խորհրդարանի նախագահը, կարևորելով հանրաքվեին միջազգային դիտորդների ներկայությունը, նշել է. «Մենք արդեն երրորդ անգամ ենք կազմակերպում հանրաքվե  և կարևորում ու հաշվի ենք առնում այն օբյեկտիվ գնահատականները, որոնք ներկայացվում են դիտորդների կողմից»:

Այնուհետև Աշոտ Ղուլյանը պատասխանել է Բելգիայի ներկայացուցիչների մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Սահմանադրության նախագծով նախատեսված կառավարման համակարգի առանձնահատկություններին և պետության գործունեության կարևոր ոլորտներում առաջարկվող փոփոխություններին:

Հանդիպմանը մասնակցել է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը: