Հատուկ ծառայություններն ապացուցել են Թրամփի նախընտրական շտաբի և ՌԴ-ի միջև կապի բացակայությունը. Սպիտակ տուն
Ամերիկյան հատուկ ծառայությունները հերքել են ԶԼՄ-ների հաղորդումներն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի աշխատակիցները ընտրություններից առաջ կապի մեջ են եղել ռուսական հետախուզության աշխատակիցների հետ: Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սպիտակ տան անձնակազմի ղեկավար Ռայնս Պրիբասը:
Վերջինս ընդգծել է, որ տվյալ կապի մասին տեղեկություններ էր հաղորդել The New York Times-ը` նշելով, որ հետախուզության համոզմամբ` այդ հրապարակումը ոչ միայն ճիշտ չէ, այլև չափազանցված է:
Պրիբասը շեշտել է, որ Թրամփը որևէ կերպ կապված չէ Ռուսաստանի հետ, իսկ վերոնշյալ հոդվածում ոչ ճշգրիտ փաստեր են բերված: Նրա խոսքով` այդ հոդվածով ամերիկյան պարբերականը Թրամփին ուղղակիորեն պետական դավաճանության մեջ է մեղադրել:
Փետրվարի 14-ին, հղում անելով սեփական աղբյուրին, ամերիկյան թերթը հաղորդել էր Թրամփի նախընտրական շտաբի աշխատակազմի և ռուսական հետախուզության աշխատակիցների միջև մեկ տարվա ընթացքում տեղի գրանցված հեռախոսազրույցների մասին:










