Թբիլիսիում բողոքի ակցիա են կազմակերպել ի աջակցություն «Ռուսթավի 2» հեռուստաալիքի

16:40 • 19.02.17

Այս ժամերին Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի առաջ անց է կացվում բողոքի ակցիա ի պաշտպանություն «Ռուսթավի 2» անկախ հեռուստաալիքի, գրում է Интерфакс-ը: 

Ակցիայի կազմակերպիչը՝ «Ռուսթավի 2»-ի ղեկավարությունը հայտարարել է, որ ակցիան քաղաքական բնույթ չի կրում և բացառապես ուղղված է Վրաստանում խոսքի ազատության պաշտպանությանը:  

Ավելի քան մեկ օր առաջ որպես բողոքի նշան հեռարձակումը դադարեցրած «Ռուսթավի 2»-ն այժմ վերականգնել է աշխատանքը և ուղիղ եթերով հեռարձակում է խորհրդարանի շենքի մոտ ընթացող ակցիան: 

Հեռուստաալիքի ղեկավարությունը կարծում է, որ գործող իշխանությունները ցանկանում են փոխել «Ռուսթավի 2»-ի խմբագրական քաղաքականությունը՝ իրենց հասցեին քննադատություն չլսելու համար: 

«Ռուսթավի 2»-ի սեփականատիրոջը պարզելու հարցով դատական գործն ընթանում է մոտ երկու տարի: