Արցախը ժողովրդավարության առումով չի զիջում որևէ պառլամենտական երկրի. ԼՂ վարչապետ (տեսանյութ)
Արցախը ժողովրդավարության առումով հետ չի պառլամենտական որևէ երկրից. այս մասին լրագրողների հետ զրուցում ասաց Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ խորհրդարանին տրված են բավականին մեծ լիազորություններ։
Նրա խոսքով՝ Հայաստանում գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է լինելու, իսկ Արցախում՝ նախագահը։
«Երբ քվեարկելու համար անձնագիրն էի ներկայացնում, հիշեցի 1988 թվականի փետրվարի 20-ը։ Իհարկե, երազում էինք ունենալ այսպիսի անձնագիր, այսօր ունենք։ Ոչ միայն ունենք անձնագիր, այլ այդ անձնագրով վկայում ենք, որ ունենք ձևավորված պետություն և որ ամենակարևորն է՝ այդ երկիրը գնում է սահմանադրական բարեփոխումների՝ նպատակ ունենալով ժողովրդավարության արժեքներն ավելի խորացնելու», - նշեց Արցախի վարչապետը:
Անդրադառնալով հարցին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, թե այս հանրաքվեն չի կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, Արայիկ Հարությունյանն ասաց. «1988 թվականի փետրվարին մենք գիտեինք, որ միջազգային հանրության հետ կապված բարդ խնդիրներ ենք ունենալու։ Ամենակարևորն այն է, որ մենք այս սահմանադրական փոփոխություններն անում ենք առաջին հերթին մեզ համար, որպեսզի կարողանանք կառուցել այնպիսի երկիր, որտեղ ապրելը հաճելի լինի»։
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 20-ին, Արցախում ընթանում է սահմանադրական հանրաքվե, որով նախատեսվում է պահպանել և հզորացնել նախագահական կառավարումը: Հանրաքվեն անցկացնելու համար ստեղծվել է 280 ընտրական տեղամաս՝ 12 ընտրատարածքում: Մասնակցելու իրավունք ունի 102 757 քաղաքացի:










