ԱՄՆ-ում վիրաբույժները փոխպատվաստել են ինքնասպանության փորձ արած երիտասարդի դեմքը (լուսանկարներ)

21:23 • 20.02.17

ԱՄՆ-ի Մայո կլինիկայի վիրաբույժներն անցկացրել են դեմքի փոխպատվաստում` բարդ և հազվագյուտ վիրահատություն, որը բժշկության պատմության մեջ իրականացվել է 40 անգամից ոչ ավելի:

Business Insider-ի հաղորդմամբ` 2006 թվականին 21-ամյա Էնդի Սանդնեսը փորձել է ինքնասպան լինել` կրակելով իր կզակին: Կրակոցը ոչնչացրել է Էնդիի դեմքի հիմնական մասը, սակայն նա ողջ է մնացել: Բժիշկները գործադրել են բոլոր ջանքերը, սակայն նրանց չի հաջողվել վերականգնել երիտասարդի քիթը, ծնոտն ու ատամները:

2012 թվականին բժիշկների մոտ ծագել է Էնդիի դեմքի մի մասը փոխպատվաստելու գաղափարը: Մի քանի տարի վիրաբույժները պատրաստվել են վիրահատությանը, և դոնոր է դարձել մի երիտասարդ, որն ինքնասպանություն է գործել 21 տարեկանում: Փոխպատվաստման վիրահատությունը տևել է 56 ժամ, և դրանում ներգրավված է եղել 60 մարդ:

Նշվում է, որ վիրահատությունից հետո բժիշկները 3 շաբաթ շարունակ Էնդիին թույլ չեն տվել նայել իր արտացոլանքին: Երբ երիտասարդը վերջիվերջո տեսել է իր նոր դեմքը, նա ցնցված է եղել:

«Երբ կորցնում ես մի բան, որ միշտ ունեցել ես, հասկանում ես` ինչ է նշանակում դրանից զրկվելը: Եվ երբ հանհարծ ստանում ես այն վերադարձնելու հնարավորությունը, այլևս երբեք չես մոռանա դա», - պատմել է Սանդնեսսը: