ԱՄՆ-ում ավելի քան 100 մարդ կորցրել է աշխատանքն «Օր՝ առանց ներգաղթյալների» ակցիային մասնակցելու պատճառով
ԱՄՆ-ում ավելի քան 100 մարդ զրկվել է աշխատանքից անցած շաբաթ մի շարք ամերիկյան քաղաքներում անցկացված «Օր՝ առանց ներգաղթյալների» ցույցին մասնակցելու պատճառով աշխատանքից բացակայելու համար, հայտնում է NBC News-ը:
Ակցիան կազմակերպվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին ցույց տալու նպատակով, թե ինչքան բան են ներգաղթյալներն անում երկրի տնտեսության համար: Ակցիայի հետևանքով բիզնեսի աշխատանքում խափանումներ են գրանցվել:
Բողոքի ակցիային մասնակցելու պատճառով աշխատանքից բացակայած աշխատակիցների հեռացման դեպքերը գրանցվել են Ֆլորիդա, Օկլահոմա, Թենեսի և Նյու Յորք նահանգներում: Հաղորդվում է, որ շատերին գործատուները նախազգուշացրել են հնարավոր հետևանքների մասին:
Ակցիայի պատճառ է դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներգաղթյալների արտաքսման վերաբերյալ խիստ կանոնների սահմանումը: Բացի այդ, ներգաղթյալների դժգոհությունն է առաջացրել յոթ երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ ժամանակավորապես արգելելու մասին նախագահի հրամանագիրը:










