Բողոքի ակցիա Ախալքալաքում. ջավախքցիները մտավախություն ունեն, որ իրենք էլ կարժանանան Լապշինի ճակատագրին
Վրաստանի Ախալքալաքում երիտասարդները նախաձեռնությամբ քաղաքային իշխանության կողմից արտոնված բողոքի ակցիա է տեղի ունեցել ի պաշտպանություն բլոգեր Ալեքսանդր Լապշինի, ում Բելառուսի իշխանությունները հանձնել են Ադրբեջանին Արցախ այցելելու և այցը լուսաբանելու համար:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական» հասարակական կազմակերպությունների խորհրդի նախագահ Արտակ Գաբրիելյանը:
«Ինչ այդ գործընթացները տեղի ունեցան և Լապշինին արտահանձնեցին Ադրբեջան, տեղի երիտասարդությունը մի փոքր վրդովված էր։ Եվ, տեսնելով, որ հայկական գաղութներում , թե Հայաստանում նմանատիպ բողոքի ակցիաներ են տեղի ունենում, դիմեցին մեր խորհրդին նման ակցիա կազմակերպելու համար»,-ասաց Գաբրիելյանը:
Հարցին, թե արդյոք մտավախություն չկա՞, որ Վրաստանի քաղաքացի հանդիսացող հայերի մեծ մասը ևս եղել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տարբեր նպատակներով, և կարող են մի օր արժանանալ Լապշինի ճակատագրին, Արտակ Գաբրիելյանը պատասխանեց. «Ջավախքցիների մեծ մասը արձակուրդային ամիսներին կամ այլ առիթների մեկնում են Արցախ, նաև մտավախություն կա, որ իրենք էլ կարող են գալ, գնալ և ձերբակալվել: Հաշվի առնելով Վրաստանի և Ադրբեջանի միջկառավարական, միջպետական և ռազմավարական հարաբերությունները՝ երիտասարդների մոտ նման մտավախության կա»,-ասաց Արտակ Գաբրիելյանը՝ հավելելով, որ այստեղ, մամուլի և խոսքի ազատության հարց էլ կա:
Անդրադառնալով ակցիայի մասնակիցների թվաքանակին՝ Արտակ Գաբրիելյանն ասաց, որ երեք օր առաջ քաղաքային իշխանություններից թույլտվություն են խնդրել 20 րոպե ոչ բազմամարդ ակցիա իրականացնելու, այդ պատճառով էլ իրազեկում չի արվել բազմամարդ ակցիա ապահովելու համար:
Հիշեցնենք, որ հայտնի բլոգերն Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում», ապա այցելել էր Բաքու՝ ուկրաինական անձնագրով: Լապշինը նաև իր բլոգում հրապարակումներ էր կատարել Ադրբեջանի մասին՝ ներկայացնելով խնդիրները:
Այսպիսով՝ որոշում է կայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 (պետությունների դեմ հրապարակային կոչեր) և 318.2 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկել բլոգերին:
Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազության որոշմամբ՝ բավարարվել էր Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ: Նրան փետրվարի 8-ին արտահանձնել են Ադրբեջանին:










