Թրամփին ծաղրել են Շվեդիան ահաբեկչական հարձակումների ենթարկված երկրների թվում ներառելու համար

11:07 • 20.02.17

Համացանցի օգտատերերն ուշադրություն են դարձրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին, որը Ֆլորիդայում իր աջակիցների առաջ ունեցած ելույթի ժամանակ Շվեդիան ներառել է ահաբեկչական հարձակումների ենթարկված երկրների թվում, գրում է lenta.ru-ն:


«Միայն տեսեք, թե ինչ է տեղի ունենում Գերմանիայում: Տեսեք, թե ինչ է եղել անցած գիշեր Շվեդիայում: Շվեդիա, ո՞վ կարող էր մտածել»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը՝ զարմացնելով համացանցի շվեդ օգտատերերին:


Նրանք հետաքրքրվել են, թե ինչ է նկատի ունեցել Թրամփը, և նշել են, որ պատկերացում չունեն իրենց երկրում ահաբեկչությունների մասին:


«Շվեդիա՞: Ահաբեկչական հարձակո՞ւմ, ի՞նչ է նա ծխել, ես շատ հարցեր ունեմ»,- գրել է Twitter-ում Շվեդիայի նախկին վարչապետ Կարլ Բիլդտը:


Սոցիալական ցանցում գործարկվել է #LastNightInSweden հեշթեգը և սկսել են կատակել, թե ինչ է իրականում տեղի ունեցել Շվեդիայում «անցած գիշեր»: