Թուրքիայում մտադիր են առաջիկա 10 տարում տեղական ռեսուրսներով տիեզերական արբանյակ ստեղծել
Թուրքիայում մտադիր են առաջիկա 10 տարվա ընթացքում տիեզերական արբանյակ ստեղծել, որը կպատրաստվի բացառապես տեղական ռեսուրսների միջոցով, հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Նշվում է, որ հատուկ այս նպատակով Թուրքիայի՝ մեծությամբ երրորդ քաղաք Իզմիրի տնտեսական համալսարանի ինժեներական ֆակուլտետում ավիացիայի և տիեզերական ինժեներիայի ամբիոն է հիմնվել:
Այս ծրագրի իրականացման համար մի շարք թուրք ուսանողներ կգործուղվեն տարբեր երկրների ուսումնական հաստատություններ, ծրագրում կներգրավվեն նաև ԱՄՆ-ում գործող Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ-tert.am) օտարազգի մասնագետները:
Հատուկ այս նպատակով ստեղծված ներդրումային հիմնադրամի հաշվին համալսարանում կհիմնվի նաև 19.000 քմ տարածքով լաբորատորիա, որը կունենա 11 առանձին բաժին:










