Թուրքիայում սկսվել է Էրդողանի դեմ մահափորձի համար մեղադրվող թուրք զինվորների դատավարությունը (լուսանկարներ)

16:34 • 20.02.17

Թուրքիայում այսօր սկսվել է անցած տարի հեղաշրջման փորձի ժամանակ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձի համար մեղադրվող ավելի քան 40 թուրք զինվորների դատավարությունը:  Մեղադրող կողմը պահանջում է ցմահ ազատազրկում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված մեղադրական ակտը:


Մեղադրյալները հարավ-արևմտյան Մուղլա քաղաքի դատարան են տեղափոխվել ուժեղացված հսկողության ներքո: 47 կասկածյալների դեմ, որոնք գրեթե բոլորը զինվորներ են, առաջադրվել են բազմաթիվ՝ ներառյալ նախագահի սպանության փորձի, Սահմանադրության խախտման և զինված ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու հետ կապված մեղադրանքներ:


Կասկածյալներին դատարանի շենքի առաջ դիմավորել է մոտ 200 մարդ, որոնք դրոշներ են ծածանել և մահապատժի կոչեր հնչեցրել: Դատարանի հարակից տարածքը շրջափակված է, շենքը հսկում են անվտանգության ուժերի տասնյակ անդամներ, այդ թվում ոստիկանությունը և հատուկ ուժերը: Մոտակա շենքերի տանիքներին դիպուկահարներ են կանգնեցվել:


Մեղադրական ակտի համաձայն՝ 37 զինվոր մեղադրվում է Մարմարիս շրջանի հյուրանոցի վրա գրոհելու գործողությանն ուղղակի դերակատարություն ունենալու, իսկ մնացածները՝ գործողությանն աջակցություն տրամադրելու համար:


Զինվորներն ուղղաթիռից պարաններով վայրէջք էին կատարել հյուրանոցի վրա, որտեղ մինչ այդ գտնվում էր Էրդողանը, և կրակ բացել:


Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: